երկուշաբթի, սեպտեմբեր 28
28 / 9 / 2026
Նեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ի հարձակման մասին Եգիպտոսի նախազգուշացումների վերաբերյալ հաղորդագրությունները

Նեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ի հարձակման մասին Եգիպտոսի նախազգուշացումների վերաբերյալ հաղորդագրությունները

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հերքել է հաղորդագրությունները, ըստ որոնց՝ Եգիպտոսի իշխանություններն Իսրայելին նախապես զգուշացրել էին ՀԱՄԱՍ-ի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ին նախապատրաստվող հարձակման մասին։ Այս մասին տեղեկացնում է The Wall Street Journal-ը՝ հավելելով, որ Իսրայելի վարչապետը կարգադրել է նաև զրպարտության հայց ներկայացնել նման պնդումների հեղինակների դեմ։

Նշենք, որ ավելի վաղ The Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Եգիպտոսը, ենթադրաբար, Իսրայելին մի քանի անգամ զգուշացրել էր հարձակման նախապատրաստման մասին։ Պարբերականի տվյալներով՝ այդպիսի նախազգուշացումներից մեկն իսրայելական կողմին փոխանցել էր Աբբաս Քամելը, որն այն ժամանակ զբաղեցնում էր Եգիպտոսի հետախուզության ղեկավարի պաշտոնը։

«Հոկտեմբերի 7-ին նախորդած ամիսներին Նեթանյահուն չի հանդիպել և չի խոսել Աբբաս Քամելի հետ, որն այդ ժամանակ ղեկավարում էր Եգիպտոսի հետախուզական ծառայությունը, և Իսրայելի հատուկ ծառայություններից ոչ մեկը վարչապետին եգիպտական նախազգուշացումը չի փոխանցել»,- ասված է Նեթանյահուի պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ի առավոտյան ՀԱՄԱՍ-ի և այլ պաղեստինյան խմբավորումների զինված անդամները Գազայի հատվածից ներխուժել են Իսրայելի տարածք։ Հարձակման հետևանքով զոհվել են սահմանամերձ բնակավայրերի բնակիչներ, շուրջ 250 մարդ պատանդ է վերցվել։ Հարձակումը դարձել է Գազայի հատվածում երկարատև մարտական գործողությունների և դրան հաջորդած տարածաշրջանային լարվածության սրման սկիզբը:

  • Կիսվել: