Մելոնին շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ SOCAR-ի՝ Իտալիայում վառելիքի գները նվազեցնելու համար
Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերությունն Իտալիայում կսահմանի վառելիքի առավելագույն գներ՝ նույն մակարդակով, ինչ ավելի վաղ սահմանել էր իտալական Eni էներգետիկ ընկերությունը։ Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրին, ըստ որի՝ դա պետք է օգնի վարչապետ Ջորջա Մելոնիին զսպել էներգակիրների ծախսերի աճը՝ համաշխարհային շուկայում մատակարարումների խափանումների ֆոնին։
Նշվում է նաև, որ Reuters-ի անանուն զրւցակիցները հայտնել են, որ SOCAR-ը կսահմանի դիզելային վառելիքի մանրածախ գնի վերին շեմը՝ մեկ լիտրի համար 2,19 եվրո, իսկ բենզինինը՝ մեկ լիտրի համար 1,99 եվրո։ Թե կոնկրետ երբ նոր սահմանափակումները կմտնեն ուժի մեջ, առայժմ հայտնի չէ։
Իտալիայի արդյունաբերության նախարարության տվյալներից հայտնի է դարձել, որ Eni-ի սահմանած առավելագույն գները լիարժեք սկսել են գործել սեպտեմբերի 28-ից, սակայն առայժմ միայն աննշան ազդեցություն են ունեցել վարորդների համար վառելիքի միջին արժեքի վրա։
Երկուշաբթի օրը ինքնասպասարկմամբ բենզինի միջին գինը կազմել է մեկ լիտրի համար 2,152 եվրո՝ նախորդ օրվա 2,159 եվրոյի դիմաց։ Դիզելային վառելիքը նույնպես փոքր-ինչ էժանացել է՝ հասնելով 2,369 եվրոյի՝ մեկ լիտրի համար, նախորդ 2,377 եվրոյի փոխարեն։ Ավտոմայրուղիներում բենզինի գինը կազմել է 2,214 եվրո, իսկ դիզելինը՝ մեկ լիտրի համար 2,420 եվրո։
Ինչպես հաղորդվում է՝ SOCAR-ը, որը Իտալիայում վառելիք է վաճառում տեղական Italiana Petroli (IP) ընկերության միջոցով, կիրակի հայտարարել էր, որ «աստիճանաբար» կներմուծի առավելագույն գներ՝ առանց ճշտելու դրանց մակարդակը։
Ըստ աղբյուրների՝ ընկերությունն արդեն սկսել է իր որոշ բենզալցակայաններում գները համապատասխանեցնել Eni-ի սահմանած մակարդակին։ Սակայն այս փոփոխությունները դեռ չէին արտացոլվել արդյունաբերության նախարարության տվյալներում, որոնք հրապարակվել էին երկուշաբթի առավոտյան։
Գործակալության տվյալներով՝ SOCAR-ին և Eni-ին բաժին է ընկնում Իտալիայի ավտոլցակայանների ցանցի ավելի քան 40%-ը։
Ըստ Իտալիայի կառավարության կայքի՝ վարչապետ Ջորջա Մելոնին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին այս որոշման համար։



