Վրաստանն ու Ադրբեջանը հարցերը քննարկում են բարեկամական մթնոլորտում. Կոբախիձե
«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հավաստմամբ՝ Վրաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև բոլոր հարցերը քննարկվում են բարեկամական մթնոլորտում, գրում է aliq.ge-ն:
Կոբախիձեն պատասխանել է լրագրողների հարցին Ադրբեջանի տարածքում գտնվող Քուրմուխի տաճարի վերաբերյալ Վրաստանի պատրիարքարանի հայտարարությանն ի պատասխան Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության արած հայտարարության մասին։ Վարչապետը նշել է, որ Վրաստանի և Ադրբեջանի կառավարությունների հարաբերությունները լարված չեն։
«Ոչ մի լարվածություն չկա, Ադրբեջանի կառավարության հետ ունենք բարեկամական հարաբերություններ։ Բարեկամական մթնոլորտում շատ պարզ կարող ենք քննարկել բոլոր հարցերը։ Այդպիսի ռեժիմով՝ բարեկամական ռեժիմով են քննարկվում բոլոր հարցերը Վրաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։
Սեպտեմբերի 26-ին պաշտոնական Բաքուն խիստ արձագանքել էր Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանի մտահոգությանն Ադրբեջանի տարածքում՝ պատմական Հերեթիում, Քուրմուխի Սուրբ Գիորգի տաճարի մոտ ընթացող աշխատանքների վերաբերյալ և դրանում Ադրբեջանի նկատմամբ «տարածքային հավակնություններ» էր տեսել։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը տաճարն անվանել է «Կուրմուկ» և պնդել, որ այդ վայրը, ինչպես Դավիթ Գարեջիի վանական համալիրի դեպքում, «աղվանական մշակույթին» է պատկանում։ Նախարարությունն իր հայտարարության մեջ հիշատակել է նաև «հայկական եկեղեցու մոտեցումները»։
Պաշտոնական Թբիլիսին մինչ այժմ հրապարակայնորեն դիրքորոշում չէր հայտնել։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանն ընդամենը մի քանի ժամ առաջ նախորդել էր Իլհամ Ալիևի և Իրակլի Կոբախիձեի հեռախոսազրույցը, որի ընթացքում առաջնորդները խոսել էին «բարիդրացիական հարաբերությունների զարգացման մասին»։ Հայտնի չէ՝ զրույցի ընթացքում քննարկվե՞լ է արդյոք Քուրմուխի հարցը։



