երեքշաբթի, սեպտեմբեր 29
29 / 9 / 2026
Մրցավարությունից դժգոհ եմ, առաջին գոլը 100 տոկոսանոց խախտում էր․ Մելիքյանը՝ Չեռնոգորիայից կրած պարտության մասին

Մրցավարությունից դժգոհ եմ, առաջին գոլը 100 տոկոսանոց խախտում էր․ Մելիքյանը՝ Չեռնոգորիայից կրած պարտության մասին

Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2-3 հաշվով ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայի ընտրանուց, գրում է armsport.am-ը:

Խաղից հետո մեր ընտրանու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանեց լրագրողների հարցերին։

Մրցավարության, տակտիկայի և պարտության մասին

«Մրցավարությունից դժգոհ եմ, առաջին գոլը 100 տոկոսանոց խախտում էր, բայց չեմ ուզում շատ խոսել այդ մասին։ Կասեմ, որ ունեինք պլան Ա և Բ. առաջին ծրագրով աշխատեցինք առաջին խաղակեսում, ընդմիջմանը տակտիկական փոփոխություն կատարեցինք, ինչի շնորհիվ ստեղծեցինք առավելություն և ճնշում։ Ափսոսում եմ, որ չկարողացանք դրական արդյունքի հասնել, ինչի համար ներողություն եմ խնդրում մեր երկրպագուներից։ Շատ տխուր ենք, բայց իմացեք, որ այս թիմը լավ ապագա ունի և շարունակելու է պայքարել։ Եղան անհատական սխալներ, որոնց համար պատժվեցինք, բայց ընդհանուր առմամբ տղաներից շատ գոհ եմ»։

Խաղավերջում թիմի նահանջի և ֆիզիկական վիճակի մասին

«Մենք չունեինք ծրագիր, ըստ որի պետք է հետ քաշվենք հաշիվը պահելու համար։ Խաղից առաջ ցանկանում էի, որ առնվազն ոչ-ոքի ավարտեինք, բայց խաղն այնպիսին էր, որ կարող էինք հաղթել. դրա համար տղաներին կարգադրում էի, որ առաջ գնան։ Բայց եկեք չմոռանանք մեր տղաների ֆիզիկական վիճակը։ Մրցակցին շատ էր հարկավոր այս հաղթանակը, ու գնացին փոխարինումների ու ճնշման։ Մեր հետ քաշվելը նախապես նախատեսված չէր, դա մեզ խաղը ստիպեց»։

Խմբում շանսերի և թիմի ռեսուրսների մասին

«Դրա մասին խոսելը դեռ վաղ է: Այո, ափսոս էր, որ այս խաղում զիջեցինք, բայց առջևում դեռ չորս հանդիպում ունենք։ Երկու խաղ արդեն խաղացել ենք, բայց, ցավոք, չունենք մեծ ռեսուրսներ»։

Օգնեն Չանչարևիչի խաղի մասին

«Չանչարևիչը մեզ համար կարևոր և հուսալի դարպասապահ է։ Այո, երկրորդ գոլի ժամանակ դիրքային սխալ թույլ տվեց, բայց աշխարհահռչակ դարպասապահներն ևս սխալվում են։ Ընդհանուր առմամբ իրենից շատ գոհ եմ»։

Արթուր Միրանյանի և Արթուր Ղարիբյանի մասին

«Դա ձեր կարծիքն է, որ նա (խմբ․՝ Արթուր Միրանյանը) օգտակար գործողությամբ աչքի չընկավ։ Արթուրը շատ լավ պրեսինգի էր դիմում և գրագետ էր գործում։ Այսօր ունենք իրեն և պետք է հավատանք, ու իր մաքսիմումից էլ շատ է աշխատում հավաքականի համար։ Ղարիբյանի վերաբերյալ՝ առաջին օրը, երբ եկել է հավաքական, մենք փորձարկել ենք նրան և հասկացել ենք, որ այս պահին նա մեկնարկային կազմում պատրաստ չէ խաղալ, քանի որ իր ակումբում մեկնարկային կազմում չի խաղում։ Ղարիբյանն առավելագույնը կարող է խաղալ 30-40 րոպե, դրա համար դա է պատճառը ռոտացիայի»։

Հոգեբանական հարվածի և վերականգնման մասին

«Բնականաբար ֆիզիկապես լավ վիճակում չենք։ Երբ հիմնական ժամանակի վերջին րոպեին բաց ենք թողում գոլ, դա հոգեբանական շատ մեծ հարված է, որից շատ դժվար է վերականգնվել՝ ավելի բարդ, քան ֆիզիկական վերականգնումը։ Ամեն ինչ պետք է անենք, որ հավաքականը հաջորդ խաղից առաջ լինի պատրաստ»։

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում Հայաստանի ազգային հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 2-ին՝ հյուրընկալվելով Կիպրոսի ընտրանուն։

  • Կիսվել: