երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Կենսաթոշակների բարձրացում է տեղի ունենալու նաև այս տարվա հուլիսի 1-ից

Կենսաթոշակների բարձրացում է տեղի ունենալու նաև այս տարվա հուլիսի 1-ից

Հավաքված հարկերը քաղաքացիներին վերադարձնելու կարեւոր ուղղություններից մեկը կենսաթոշակներն են: Այս մասին Ազգային ժողովում ելույթ ունենալիս խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կենսաթոշակների 2023 թվականի հունվարի 1-ից նախատեսված բարձրացումը մենք իրականացրինք 2022 թվականի սեպտեմբերից, այսինքն՝ 4 ամիս նախատեսվածից ավելի շուտ՝ հենց նկատի ունենալով բյուջետային բարենպաստ պայմանները: Այդ բարձրացման եւ 2022 թվականի բարձրացումների շնորհիվ մեր երկրում նվազագույն կենսաթոշակն աճեց 19 տոկոսով՝ 26 հազար 500 դրամից դառնալով 31 հազար 600 դրամ: Իհարկե, բացարձակ թվերը մեծ չեն, բայց մենք ավելացնում ենք եղածի վրա: Նաև աճեց նվազագույն կենսաթոշակի եւ պարենային զամբյուղի արժեքի հարաբերակցությունը՝ կազմելով 76 տոկոս՝ 2018 թվականի 66 տոկոսի փոխարեն: Գիտեք, որ կենսաթոշակների բարձրացում տեղի է ունենալու նաև այս տարվա հուլիսի 1-ից:

Բայց կենսաթոշակի ոլորտում մենք ներդրել ենք ոչ միայն ֆորմալ, այլեւ ոչ ֆորմալ բարձրացումների մեխանիզմ, եւ դա տեղի է ունեցել որոշակի ինստիտուցիոնալ բարեփոխումների շնորհիվ»,-ասաց նա:

Վարչապետը հիշեցրեց, որ 2022-2023 թվականներին տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում հանրապետության բոլոր քաղաքների եւ հազարից ավելի բնակչություն ունեցող բնակավայրերի շուրջ 498 000 թոշակառուներ իրենց թոշակներն ստանում են անկանխիկ եղանակով, սա թոշակառուների ընդհանուր 85 տոկոսն է:

«Զուգահեռ մենք արեցինք հաջորդ քայլը, եւ 2022 թվականի հուլիսի 1-ից գործողության մեջ է դրվել «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառումը», որի իմաստը հետեւյալն է. կենսաթոշակառուների եւ նպաստառուների կողմից անկանխիկ առեւտրի 10 տոկոսի չափով հետվճար է իրականացվում, այսինքն՝ կենսաթոշակից կամ նպաստից իրականացված անկանխիկ առեւտրի 10 տոկոսը Կառավարության եւ բանկերի կողմից վերադարձվում է քաղաքացիներին:
Ու որպեսզի անկանխիկ առեւտրի իրական հնարավորություն ստեղծվի հանրապետության բոլոր կենսաթոշակառուների եւ նպաստառուների համար, Կենտրոնական բանկը եւ Պետական եկամուտների կոմիտեն նախորդ տարվա հուլիսից էականորեն ակտիվացրին ՊՈՍ տերմինալների ցանցի ընդլայնման աշխատանքը:

Գիտեք՝ սրանք այն սարքերն են, որոնք հնարավորություն են տալիս անկանխիկ առեւտուր անել խանութներում: Արդյունքում շատ կարեւոր ինստիտուցիոնալ զարգացում ունեցանք. եթե 2022-ի հուլիսի 1-ին հանրապետության ակտիվ ՊՈՍ տերմինալները կազմում էին 22 հազար 293 հատ, 2023-ի փետրվարին դարձել է 70 հազար 267: Այսինքն, այս փետրվարի դրությամբ 2022-ի հուլիսի նկատմամբ գործող ՊՈՍ տերմինալների թիվն աճել է 215 տոկոսով: Հետաքրքիր է, որ 2017 թվականի նկատմամբ աճը կազմել է 816 տոկոս»,-ասաց Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ 2022 թվականի հուլիսին կենսաթոշակառուների կամ նպաստառուների կողմից իրականացվող անկանխիկ առևտրի ծավալները ձգտում էին 0-ի, այսինքն՝ թոշակառուներն անկանխիկ առևտուր, ըստ էության, չէին անում:

«Բայց նախորդ 8 ամիսների ընթացքում մենք ամսական մի քանի հարյուր միլիոն դրամի աճ ենք արձանագրել, եւ արդեն 2023 թվականի մարտին կենսաթոշակառուների ու նպաստառուների իրականացրած անկանխիկ առեւտրի ծավալը կազմել է շուրջ 4 մլրդ ՀՀ դրամ, ավելի կոնկրետ՝ 3 մլրդ 993 մլն ՀՀ դրամ: Եւ ահա, այս առեւտրի արդյունքում թոշակառուները եւ նպաստառուները մարտին ստացել են 336 մլն ՀՀ դրամի հետվճար, այդքան գումար հետ է վճարվել իրենց:

Ծրագրի մեկնարկից մինչեւ մարտը ներառյալ՝ կենսաթոշակառուները եւ նպաստառուները 19 մլրդ 754 մլն ՀՀ դրամի անկանխիկ գործարքներ են իրականացրել, իսկ դրանց դիմաց տրվել է ավելի քան 1,6 մլրդ ՀՀ դրամ հետվճար։ Սա նույնպես կենսաթոշակների եւ նպաստների բարձրացում է՝ այս անգամ արդեն Կառավարության, բանկերի, կենսաթոշակառուների եւ նպաստառուների համագործակցության շնորհիվ: Ուզում եմ ընդգծել, որ մարտին ծրագրի շահառուների թիվը հատել է 100 հազարը, այսինքն՝ ավելի քան 100 հազար կենսաթոշակառու եւ նպաստառու, մինչդեռ 2017 թվականի հուլիս-օգոստոսին այդ թիվը կազմում էր 10-15 հազար»,-ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: