հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կառավարությունը երկարաձգեց ներկրվող ցեմենտի տուրքի մասին օրենքի գործունեության ժամկետը

Կառավարությունը երկարաձգեց ներկրվող ցեմենտի տուրքի մասին օրենքի գործունեության ժամկետը

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: 

Օրինագծերի փաթեթով առաջարկվում է երեք ամսով երկարաձգել ներկրվող ցեմենտի վրա 14 հազար դրամի պետական տուրք կիրառելու մեխանիզմի ժամկետը:

Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը նշեց, որ սահմանել էին տուրք ցեմենտի ներմուծման համար 14 հազար դրամ: Նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տուրքի սահմանման արդյունքում Իրանից ցեմենտի ներմուծման ամսական ծավալները որոշակիորեն նվազել են, բայց դրա փոխարեն աճել են կլինկերի ներմուծման ծավալները:

«Ուստի մենք առաջարկում ենք ավելի լավ կարգավորում տալու նպատակով երկարաձգել այս միջոցի գործունեության ժամկետը մինչև հուլիսի 1-ը՝ այդ ընթացքում նպատակ ունենալով ավելի խորքային ուսումնասիրություն կատարել և վերջնական գնահատական տալ այս մեխանիզմի մրցակցային ազդեցությանը: Դրա արդյունքում արդեն, եթե անհրաժեշտություն առաջանա, տալ լրացուցիչ կարգավորում»,- նշեց նա։

Ավագ Ավանեսյանը ներկայացնելով վիճակագրական տվյալներ՝ ասաց, որ եթե 2018-ին Իրանից ամսական ներմուծվում էր 19 հազար տոննա ցեմենտ, ապա 2019-ին այդ ցուցանիշը հասել է 16,8 հազար տոննայի, սակայն դրա փոխարեն եռակի աճել է կլինկերի ներմուծումը. «Այսինքն՝ եթե 2018-ին ամսական ներկրել ենք 2,8 հազար տոննա կլինկեր, հիմա դա հասել է 10 հազար տոննայի: Զուգահեռաբար, չնայած հայկական ցեմենտի արտադրության ծավալները որոշակիորեն նվազել են, կազմակերպություններից մեկում տեղի է ունեցել ծավալների որոշակի աճ: Ուստի կարող ենք փաստել՝ այդ մեխանիզմը, որ կիրառել ենք, որոշակի ազդեցություն ունեցել է, սակայն ավելի երկարաժամկետ ազդեցությունը հասկանալու համար պետք է երկարաձգել ժամկետը»,- ասաց փոխնախարարը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ այս կարգավորմամբ պետական տուրք էր նախատեսվել միայն ցեմենտի ներմուծման համար, իսկ կլինկերի համար որևէ տուրք սահմանված չէր:

«Հայաստանում կան ընկերություններ, որոնք ցեմենտ են արտադրում ներմուծված կլինկերի հիման վրա: Ընդամենը այս նախագծով երեք ամսով՝ մինչև հուլիսի 1-ը երկարաձգվում է մեխանիզմի կիրառումը, որի ընթացքում կհասկանանք հետագա կարգավորումների չափը, և արդյունքում կորոշենք կլինկերի համար նույնպե՞ս պետք է պետտուրք սահմանել, թե՝ ոչ, որպեսզի ՀՀ-ում արտադրողները հնարավորություն ունենան շարունակել իրենց արտադրությունը»,- նշեց փոխվարչապետը։  

  • Կիսվել: