հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Գազայում մեկ օրում 50  մարդ է զոհվել իսրայելական հարվածներից

Գազայում մեկ օրում 50  մարդ է զոհվել իսրայելական հարվածներից

Գազայի հատվածի բժշկական աղբյուրները հայտնել են, որ ապրիլի 23-ի լուսադեմից ի վեր Իսրայելի կողմից շարունակվող ավիահարվածների հետևանքով պաղեստինյան անկլավի տարբեր շրջաններում շուրջ 50 մարդ է զոհվել, վիրավորվել՝ 100-ից ավելին: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Պարբերականը նաև նշում է, որ իսրայելական բանակը մի շարք ռմբակոծություններ է իրականացրել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում։

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) նույնպես հայտնել է Գազայի հատվածին հասցված հարվածների մասին։

«ԻՊԲ-ն և Իսրայելի անվտանգության վարչությունը հարվածել են ահաբեկիչներին, որոնք գործում էին ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադ»-ի հրամանատարական և կառավարման կենտրոնի ներսում, որը գտնվում էր նախկինում որպես «Յաֆֆա» դպրոց ծառայող տարածքում», - գրված է Telegram-ում հրապարակված հաղորդագրության մեջ։

Իր հերթին Al Jazerra-ն նշում է, որ դպրոցի տարածքում ապաստանել էին տեղահանված պաղեստինցիներ: 

Իսկ Ալ-Թահրիր հիվանդանոցի տնօրեն դոկտոր Ահմադ ալ-Ֆարրան նշել է, որ Գազայի հատվածում երեխաները թերսնման ամենածանր փուլերն են ապրում՝ ավելացնելով, որ հղի մայրերի պատշաճ սնուցման և դեղորայքի բացակայությունը լուրջ հետևանքներ է ունենում նորածինների, հատկապես վաղաժամ ծնված երեխաների համար։

Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունները։ Գազայի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ առնվազն 51 305 պաղեստինցի է զոհվել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով, վիրավորվել է շուրջ 117 096-ը:

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

 

  • Կիսվել: