Հայոց ցեղասպանության ցավը բոլորինս է․ ասորական և քրդական համայնքները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իրենց հարգանքի տուրքն են մատուցել Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները։ Հուշահամալիր են այցելել Արզնիի ասորի համայնքի և «Քուրդիստան» կոմիտեի ներկայացուցիչները, որոնք «Արմենպրես»-ի հետ զրույցում խոսել են ցեղասպանության վերքերի մասին՝ շեշտելով հիշողության պահպանումն ու համատեղ պայքարը արդարության համար։
Ասորի համայնքի ներկայացուցիչ, Արզնի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Նելլի Հարությունյանը հայտնեց, որ համայնքի ղեկավարների, ասորական պարի խմբերի, Սերգեյ Սարխոշևի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների և ուսուցիչների մասնակցությամբ երթ են իրականացրել Արզնիում, այնուհետև ուղևորվելով դեպի Ծիծեռնակաբերդ։
«Հայոց ցեղասպանության ցավը բոլորինս է։ Ինչպես հայ, այնպես էլ ասորի ազգը ունեցել է կորուստներ։ Մեր պարտքն ենք համարում ամեն տարի մասնակցել այս ոգեկոչմանը։ Ինչքան էլ տարիներ անցնեն՝ սպին մնում է։ Մենք էլ, կրկնօրինակելով մեր մեծերին, հիշելու ենք մինչև մեր մահկանացուն կնքելը»,-ասաց Հարությունյանը։
Նա նաև ընդգծեց, որ ոչ միայն ՀՀ Կոտայքի և Արարատի մարզերում բնակվող ասորիներն են մասնակից այս ոգեկոչմանը, այլև արտասահմանից հատուկ այսօրվա համար Հայաստան ժամանած ասորիներ, որոնք հարգանքի տուրք են մատուցում Ցեղասպանության զոհերին։
Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցած «Քուրդիստան» կոմիտեի նախագահ Սլո Դրբոյանն ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության կազմակերպիչներն այսօր էլ գործում են, պարզապես մի քիչ դիմակավորված՝ շարունակելով ժողովուրդների պառակտման ու շահարկման քաղաքականությունը։
«Մենք դատապարտում ենք կազմակերպիչներին, որոնք ժամանակին ազգերի դեմ էին գործում, այսօր էլ նույն ժողովրդին միմյանց դեմ են հրահրում։ Ժողովուրդները, չգիտակցելով իրականությունը, ծառայում են ուրիշների շահերին։ Բայց այսօր քրդական ազատագրական պայքարի շնորհիվ Թուրքիայում ձևավորվել է մի իրավիճակ, երբ ժողովրդավարության հեռանկարն ավելի շոշափելի է։ Եթե Թուրքիան ժողովրդավարացվի, ապա պետք է առերեսվի նաև իր պատմությանը»,-ասաց Դրբոյանը։
Սլո Դրբոյանն անդրադարձավ նաև ՀՀ կառավարության կողմից Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված դիվանագիտական քայլերին։
«Այս ամենը փոխկապակցված է։ Ինչ կատարվում է Թուրքիայում քրդական հարցի շուրջ, կապ ունի նաև տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Այստեղ գործում են միջազգային մեծ ուժեր՝ ԱՄՆ, Եվրոպա։ Բայց ամենակարևորն այն է, որ ժողովուրդները պետք է գիտակցեն պահի լրջությունը և ուղղեն իրենց ուշադրությունը ոչ թե կառավարություններին, այլ ժողովրդավարության ամրապնդմանը»,- ասաց նա։
Դրբոյանի խոսքով՝ քրդական շարժումը վերջին շրջանում անցում է կատարում դեպի դիվանագիտական պայքարի փուլ։ Նա նշեց, որ ապրիլի 24-ին նախատեսվում է Թուրքիայի ներքին գործերի նախարարի հանդիպումը Իմրալի կղզի այցելող պատգամավորների հետ՝ քննարկելու օրենսդրական փոփոխություններ, որոնք հնարավոր են դարձնելու Աբդուլլա Օջալանի ազատ արձակումը։