ՀԱՊԿ-ը Հայաստանին նախկինի պես համարում է կազմակերպության լիիրավ անդամ․ Լավրով
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները շարունակում են Հայաստանին կառույցի լիիրավ անդամ համարել, սակայն այդ կարգավիճակը ենթադրում է Կազմակերպության շրջանակներում բոլոր պարտավորությունների կատարում։
ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքներով նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք շարունակում ենք Հայաստանին այս կազմակերպության լիիրավ անդամ համարել, սակայն, անկասկած, լիիրավ անդամակցությունը ենթադրում է բոլոր պարտավորությունների կատարում, որոնք բխում են ՀԱՊԿ-ի կանոնադրական փաստաթղթերից՝ ներառյալ անդամավճարների վճարումը»,- ասել է Լավրովը։
Նա նաև հավելել է, որ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհուրդը ի գիտություն է ընդունել այն հանգամանքը, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կրկին հրաժարվել է մասնակցել ՀԱՊԿ-ի հերթական միջոցառմանը։
ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները սրվել են 2022-ի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի զինուժի ապօրինի ներխուժումից հետո, երբ կազմակերպությունը ռազմական և քաղաքական աջակցություն չցուցաբերեց իր անդամ երկրին։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։ Հայաստանը դադարել է անդամավճարներ փոխանցել կազմակերպությանը և ներկայացուցիչներ ուղարկել կառույցի շրջանակներում անցկացվող միջոցառումներին ու զորավարժություններին։