կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հիմնանորոգվում են Աթան, Քարինջ, Մարց, Լորուտ, Ահնիձոր տանող ճանապարհները

Հիմնանորոգվում են Աթան, Քարինջ, Մարց, Լորուտ, Ահնիձոր տանող ճանապարհները

Ընթանում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումը։ 16կմ վրա կատարվում են հողային աշխատանքներ։ Տասնամյակներ շարունակ այս ճանապարհին շինտեխնիկա չէր աշխատել, ճանապարհը խիստ անբարեկարգ էր, գրեթե անանցանելի, ինչը բնակիչների դժգոհությունն էր առաջացնում։ Այս պահին աշխատանքները հիմնականում կատարվում են Լորուտ եւ Շամուտ բնակավայրերի մոտ։ 

Բացի Մ-6-ից Աթան տանող ճանապարհից, այստեղ հիմնանորոգվում են նաեւ դեպի հարակից 4 գյուղեր՝ Քարինջ (3.5կմ), Մարց (0.8կմ), Լորուտ (1.6կմ), Ահնիձոր (4կմ) տանող ճանապարհները։ Մարց տանող հատվածում աշխատանքները գրեթե ավարտված են։ 

Օրերս «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն այցելել էր շինհրապարակներ՝ տեղում ծանոթանալու կատարվող աշխատանքների ընթացքին։

Ճանապարհները կենսական նշանակություն ունեն տեղի բնակիչների համար, հիմնանորոգումը կնպաստի բնակավայրերի զարգացմանը, գյուղացիները գյուղմթերքն ավելի հեշտ կիրացնեն, կզարգանա նաեւ զբոսաշրջությունը։

Հիմնանորոգման շրջանակներում կնորոգվեն ջրահեռացման համակարգերը, հենապատերը, կտեղադրվի երկու շերտ ասֆալտբետոնե ծածկ, կկատարվեն այլ աշխատանքներ նույնպես։ Հիմնանորոգման գումարը հատկացվել է ՀՀ պետական բյուջեից։

  • Կիսվել: