շաբաթ, նոյեմբեր 14
14 / 11 / 2026
Ցույցեր Տիրանայում. ցուցարարները փորձել են Մոլոտովի կոկտեյլներով հարձակվել Ալբանիայի վարչապետի գրասենյակի վրա

Ցույցեր Տիրանայում. ցուցարարները փորձել են Մոլոտովի կոկտեյլներով հարձակվել Ալբանիայի վարչապետի գրասենյակի վրա

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ուսանողական բողոքի ակցիայի մասնակիցները հարձակվել են մի շարք պետական հաստատությունների վրա, այդ թվում՝ նաև վարչապետի գրասենյակի, Ներքին գործերի նախարարության և Ալբանիայի բանկի: Այս մասին տեղեկացնում է ATA գործակալությունը։

Նշվում է, որ ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել։

Հիշեցնենք, որ աԱկցիան սկսվել է չորեքշաբթի՝ տեղական ժամանակով 11:00-ին։ Սկզբում ցուցարարները հարձակվել են Կրթության նախարարության և Դուրես փողոցում գտնվող ձեռնարկությունների վրա, որից հետո Ազգի նահատակների բուլվարով շարժվել են դեպի կառավարության շենք։

Ճանապարհին ցուցարարները տեսահսկման տեսախցիկներ, լուսացույցներ և գովազդային կառույցներ են կոտրել, հարձակվել են Ներքին գործերի նախարարության, Տնտեսության և նորարարության նախարարության և Ալբանիայի բանկի վրա։

Հասնելով վարչապետի գրասենյակի տարածք՝ ակցիայի մասնակիցները փորձել են հարձակվել շենքի վրա հրավառությունների և այրվող խառնուրդով շշերի միջոցով, սակայն ոստիկանները կանգնեցրել են նրանց։ Իրավապահները ամբոխը ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։ Տուժել է նաև «Բուրգը»՝ Տիրանայի հայտնի տեսարժան վայրերից մեկը:

Հավելենք, որ ցուցարարները պահանջում են բարելավել համալսարաններում ուսման պայմանները, նվազեցնել բարձրագույն կրթության արժեքը, մեծացնել ուսանողների ֆինանսական աջակցությունը և ընդլայնել շրջանավարտներից հետո աշխատանքի տեղավորման հնարավորությունները։ Նրանց պահանջների թվում է նաև կառավարության հրաժարականը։

  • Կիսվել: