Կիևից հայտնում են՝ Starlink-ը սահմանափակվել է ուկրաինացի զինվորականների համար
Իլոն Մասկին պատկանող ամերիկյան SpaceX ընկերությունը հոկտեմբերի լույս 14-ի գիշերը սահմանափակել է Ուկրաինայում Starlink տերմինալների աշխատանքի արագությունը: Այս մասին հայտնել են Ուկրաինայի նախագահի խորհրդական Սերգեյ Բեսկրեստնովը, կամավոր Սերգեյ Ստերնենկոն, ինչպես նաև «Ուկրաինսկայա պրավդա» պարբերականը, տեղեկացնում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի «Նաստոյաշչեե Վրեմյա» նախագիծը:
Նշվում է, որ Ստերնենկոյի տվյալներով՝ կապը սկսել է կորչել 160 կմ/ժ-ից ավելի արագությամբ շարժման դեպքում, ինչի հետևանքով «խախտվել են մի շարք ծայրաստիճան կարևոր առաքելություններ»: Նա ենթադրում է, որ հավանաբար «SpaceX-ն այդ միջոցները ձեռնարկել է Թրամփի վարչակազմի խնդրանքով»:
Իր հերթին Բեսկրեստնովը ճշտել է, որ սահմանափակումը վերաբերում է «StarShield ծառայությունների ռազմական փաթեթին», և ուկրաինացի զինվորականները նախազգուշացված չէին այդ մասին: «Ակնհայտ է, որ այդ գործողությունը չի կարող համընկնում լինել և կապված է ընթացիկ քաղաքական իրավիճակի հետ»,-նշել է Ուկրաինայի նախագահի խորհրդականը:
«Ուկրաինսկայա պրավդա»-ն էլ հայտնել է, որ հրամանատարներից մեկը տեսանյութ էր ուղարկել, որում «լավ տեսանելի է, որ ամպից վեր բարձրացող երկու ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կապը «կորչում է», և դրանք չեն կարողանում շարունակել առաքելությունը»:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ արդեն երկրորդ օրն է՝ Ուկրաինան չի ստանում նախազգուշացումներ բալիստիկ հրթիռների արձակման վերաբերյալ:
Աղբյուրը հիշեցնում է, որ ամերիկյան որոշ լրատվամիջոցներ պնդում էին, որ նավթավերամշակման գործարաններին հարվածները դադարեցնելուց Զելենսկու հրաժարվելու դեպքում ԱՄՆ նախագահ Թրամփը կարող է զրկել Ուկրաինային ամերիկյան հետախուզական տվյալներից կամ ստիպել Իլոն Մասկին անջատել Starlink-ը:



