Ակրոպոլիսի թանգարանը Աթենքում կներկայացնի Հայաստանից նախաքրիստոնեական արտեֆակտների ցուցահանդես
Աթենքի Ակրոպոլիսի թանգարանը հայտարարել է լայնածավալ ցուցահանդեսի անցկացման մասին, որտեղ ներկայացված կլինեն ավելի քան 100 նախաքրիստոնեական ցուցանմուշներ Հայաստանից: Այս մասին հայտնում է Greek Ցիտյ Times-ը:
Նախաձեռնությունն Ակրոպոլիսի թանգարանի և Հայաստանի պատմության թանգարանի միջև փետրվարի 16-ին ստորագրված համագործակցության հուշագրի արդյունք էր: Փաստաթուղթը ձևակերպվել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Հունաստան կատարած պետական այցի ընթացքում և նախատեսում է մասնագիտական փոխանակումների, համատեղ գիտական և ցուցահանդեսային նախագծերի զարգացում:
Ցուցահանդեսը համաշխարհային լսարանին հնարավորություն կընձեռի ծանոթանալու Հայաստանի հնագույն պատմական և մշակութային ժառանգությանը, մասնավորապես՝ մինչև քրիստոնեության ընդունումն ընկած ժամանակաշրջանին:
Ակրոպոլիսի թանգարանի գլխավոր տնօրեն Նիկոլաոս Ստամպոլիդիսը Հայաստանի պատմության թանգարանի հետ համագործակցությունը կարևոր քայլ է համարել հայկական քաղաքակրթությունն ավելի լայն ներկայացնելու համար՝ նշելով, որ երկիրը հաճախ ասոցացվում է առավելապես նրա պատմության քրիստոնեական շրջանի հետ:
Ակնկալվում է, որ աշնանը նախատեսված ցուցադրությունը կգրավի թանգարանի միջազգային հանրության ուշադրությունը, որն ամեն տարի ավելի քան մեկ միլիոն մարդ է այցելում աշխարհի տարբեր երկրներից:



