Հայաստանը պետք է փոխի իր ռազմավարական դիրքավորումը՝ հաշվի առնելով տարածաշրջանային և համաշխարհային սպառնալիքները, այլ ոչ թե քաղաքականությունը կառուցի բացառապես Ադրբեջանի հետ հարաբերությունների շուրջ։ Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ մինչև 2022 թվականի աշունը Հայաստանը շարունակում էր գործել իներցիայով՝ փորձելով նոր ցնցումներից խուսափելու ուղիներ գտնել՝ արտաքին հանգամանքներից մշտական կախվածության իրավիճակից դուրս գալու փոխարեն։

«Մենք, ի վերջո, իներցիայով վարում էինք այդ քաղաքականությունն առնվազն մինչև 2022 թվականի հոկտեմբերի 6-ը։ Մենք անընդհատ այդ սառույցի տակ էինք և մտածում էինք՝ ո՞ւմ հետ խոսենք, որ այն մեր գլխին չընկնի։ Մեր մտքով անգամ չէր անցնում, որ պետք է պարզապես կանգնել այդ սառույցի սահմաններից դուրս։ Կընկնի՞ այն, թե՞ ոչ՝ դա արդեն այլ հարց է»,-նշել է վարչապետը և հավելել, որ 2022 թվականի սեպտեմբերի իրադարձություններից հետո Հայաստանի ղեկավարությունը եկել է այն եզրակացության, որ չի կարելի անվերջ հույս դնել այն բանի վրա, թե սպառնալիքն ինքն իրեն կվերանա, կամ ինչ-որ մեկը կկարողանա երաշխավորել երկրի անվտանգությունը։

«Մենք տարբեր տեղեր էինք զանգահարում և հարցնում, թե ի՞նչ անենք, որ այդ սառույցը չընկնի։ Մենք երաշխիքներ ունեինք, նույնիսկ՝ համաձայնագրերով ամրագրված։ Բայց 2022 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին հասկացանք, որ մենք պարզապես չպետք է կանգնենք այդ սառույցի տակ, որովհետև վաղ թե ուշ այն, միևնույն է, ընկնելու է:

1915 թ-ին էլ, այսպես ասած, երաշխավոր ունեինք, դրա համար էլ այդ իրադարձությունները տեղի ունեցան: ՀԴՄ կտրոնն է մեր երաշխավորը: Ես 2020 թվականի պատերազմի ժամանակ երաշխավորներին ասել եմ՝ կարո՞ղ է հարցը իմ մեջ է, ես պե՞տք է հրաժարական տամ: Այդ պատերազմանա իրավիճակներում, իհարկե, կգնայի: Խոսակցությունն այնպիսին չէր, որ խնդիրն իմ մեջ է»,-ասել է նա:

Փաշինյանը շեշտել է՝ խոսքը ոչ միայն ընթացիկ քաղաքականության փոփոխության, այլև ռազմավարական մոտեցման և տարածաշրջանում Հայաստանի դիրքի ավելի խորքային փոփոխության մասին է։

«Շատ ավելի ճիշտ է ասել, որ մենք փոխում ենք մեր դիրքավորումը։ Քաղաքականության փոփոխությունը հնչում է որպես ժամանակավոր մի բան. այսօր այն փոխում ենք, իսկ վաղը կարող ենք հետ փոխել։ Բայց երբ խոսում ենք դիրքի, ռազմավարական պատկերի և տեսլականի փոփոխության մասին, դա արդեն բոլորովին այլ պատմություն է»,-պարզաբանել է վարչապետը:

Նա նաև նշել է, որ հենց պետության դիրքավորման հարցի հետ է կապված Հայաստանի Սահմանադրության շուրջ քննարկումը։ Կառավարության ղեկավարը կոչ է արել այն չհանգեցնել բացառապես ներքին կամ արտաքին պատճառների՝ ընդգծելով, որ խոսքն այն մասին է, թե պետությունն ինչ տեղ է զբաղեցնում շրջապատող աշխարհում և ինչպես է կառուցում իր հարաբերություններն այլ երկրների հետ։

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանի հետագա ուղեգիծը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել Ադրբեջանի դիրքորոշումը, նրա ռազմական հնարավորությունները, ուժերի տարածաշրջանային հավասարակշռությունը և բարեկամ պետությունների աջակցությունը։ Միաժամանակ, նրա կարծիքով, չի կարելի բացառել, որ Բաքուն, նույնիսկ բացահայտ թշնամական քաղաքականությունից հրաժարվելու դեպքում, կարող է չշտապել խաղաղության համաձայնագիր ստորագրել՝ ակնկալելով լրացուցիչ առավելություններ ստանալ։

Վարչապետը նշել է, որ նման մտավախությունները չպետք է հիմք դառնան Հայաստանի ռազմավարական ուղեգծի փոփոխությունից հրաժարվելու համար:

Նա ասել է. «Երբ խոսում ենք դիրքավորման մասին, ես ի պատասխան անընդհատ լսում եմ՝ տեսեք, թե ինչ հայտարարություններ են հնչում Ադրբեջանից, ինչպե՞ս կարելի է նրան վստահել և նրա հետ փաստաթուղթ ստորագրել։ Բայց խնդիրը հենց դրանում է։ Եթե ամեն ինչ կառուցվեր վստահության վրա, մենք ընդհանրապես փաստաթուղթ ստորագրելու կարիք չէինք ունենա. կարող էինք սահմանափակվել բանավոր պայմանավորվածություններով»։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը պետք է հաշվի առնի ոչ միայն Ադրբեջանի գործողություններն ու մտադրությունները, այլև ժամանակակից աշխարհում առկա հնարավոր սպառնալիքների ամբողջությունը. «Ո՞վ ասաց, որ աշխարհում միայն Ադրբեջանն է։ Ո՞վ ասաց, որ հնարավոր սպառնալիքները գալիս են միայն Ադրբեջանից։ Ո՞վ ասաց, որ այլ սպառնալիքներ գոյություն չունեն»:

Փաշինյանի խոսքով՝ պետության անվտանգությունը չի կարելի դիտարկել բացառապես մեկ հարևան պետության հետ առճակատման շրջանակում։ Նա ուշադրություն է հրավիրել ներքին գործընթացների և արտաքին սպառնալիքների միջև կապի վրա՝ նշելով, որ վերջիններս կարող են ձևավորվել նաև հենց հասարակության ներսում։

Նա օրինակ է բերել բազմաբնակարան շենքի հարևանների հետ կապված իրավիճակը. եթե մարդը, բնակարան ստանալով, սկսում է սպառնալ շրջապատողներին, ապա խնդիրը ոչ միայն մեկ կոնկրետ հարևանի հետ հարաբերությունների մեջ է, այլև մարդկանց միջև հարաբերությունների ընդհանուր համակարգի։

Կառավարության ղեկավարը հավելել է, որ ժամանակակից աշխարհը բազմաչափ է, ուստի Հայաստանին անհրաժեշտ է իր քաղաքականությունը կառուցել՝ հաշվի առնելով սպառնալիքների տարբեր մակարդակներն ու միջազգային գործընթացները։

Փաշինյանը նաև հայտարարել է վերջին տարիներին կուտակված պետական կառավարման և միջազգային իրադրության վերլուծության փորձը երկրի ինստիտուցիոնալ ռեսուրսի վերածելու անհրաժեշտության մասին. «Ինձ համար շատ կարևոր է, որ այս ընթացքում մեր ձեռք բերած ինստիտուցիոնալ գիտելիքները դառնան պետական ռեսուրս, պետական գիտելիք։ Եվ որ այդ գիտելիքները վերածվեն ծրագրի, որը թույլ կտա մեր պետությունն այնպես դիրքավորել, որ այն որոշակի դիմակայունություն ձեռք բերի քամիների, փոթորիկների և մրրիկների նկատմամբ»: