ՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի․ Շաթիրյան
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի, ես և պարոն Վարդանյանը անհրաժեշտ ձայներ չհավաքեցինք: 24News-ին ասել է Էդգար Շաթիրյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում են Վլադիմիր Վարդանյանն ու Էդգար Շաթիրյանը:
Հիշեցնենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 12-ին լրացել է Արման Դիլանյանի՝ որպես Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը։ Արման Դիլանյանը կշարունակի պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր, իսկ ՍԴ դատավորների կազմից պետք է ընտրվի նոր նախագահ:
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության ընթացակարգը սահմանված է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածով և Սահմանադրական դատարանի աշխատակարգով: Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եթե առաջադրված երկու կամ ավելի թեկնածուներից ոչ ոք քվեարկության արդյունքով չի ստանում անհրաժեշտ թվով ձայներ, ապա հնգօրյա ժամկետում անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին մասնակցում են առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Ընտրության երկրորդ փուլի արդյունքով ընտրված է համարվում այն թեկնածուն, որը ստացել է Սահմանադրական դատարանի դատավորների ձայների ընդհանուր թվի մեծամասնությունը։ Այս դեպքում ևս նախագահ չընտրվելու դեպքում ընտրությունը համարվում է չկայացած, և կազմակերպվում է նոր ընտրություն։



