շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է «Systronics» ընկերության գործադիր տնօրենին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է «Systronics» ընկերության գործադիր տնօրենին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է «Systronics» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Զարեհ Թութունջյանին։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Զարեհ Թութունջյանը մանրամասն ներկայացրել է ընկերության գործունեությունը, որն ավելի քան 42 տարվա պատմություն ունի։ Նա նշել է, որ «Systronics»-ը գործունեություն է ծավալում աշխարհի տարբեր երկրներում, առաջարկում է տեխնոլոգիական ոլորտի համալիր լուծումներ՝ սկսած ծրագրային ապահովման մշակումից մինչև ծրագրերի խորհրդատվական ծառայություններ և IT ենթակառուցվածքների տեղադրում։

Նախարար Հակոբ Արշակյանը, շնորհակալություն հայտնելով հանգամանալից ներկայացման համար, անդրադարձել է Հայաստանի  ինժեներական մեծ ներուժին և հաջողություններին, միևնույն ժամանակ նաև նշել է, որ բիզնես խորհրդատվական ծառայությունների հարթակում դեռևս անելիքներ կան, և բացը լրացնելու համար արդեն որոշակի քայլեր են ձեռնարկվում։

Նախարարը նշել է, որ  հաջորդ տարվա համար տեխնոլոգիական բուհերում նախատեսվում են այս ուղղությամբ վերապատրաստման ծրագրեր իրականացնել։ Հակոբ Արշակյանը Զարեհ Թութունջյանին առաջարկել է երկկողմ համագործակցություն իրականացնել, որի շրջանակներում «Systronics»-ի գործունեության ուղղություններով նրանց մասնագետները դասընթացներ կանցկացնեն, ինչն էլ հնարավորություն կտա որակյալ կադրեր պատրաստել։

Զարեհ Թութունջյանը պարաստակամություն է հայտնել օժանդակելու այդ ծրագրի իրականացմանը։

Հակոբ Արշակյանը նշել է, որ հիմնական շեշտը դրվելու է ծրագրային գործիքների և տեխնոլոգիական կրթության վրա, բայց կարևոր է նաև բիզնես մտածողության ձևավորումը: 

Նախարարի խոսքով՝ այս ծրագրով նախատեսվում է Երևանում և մարզերում շուրջ 6000 մարդու տեխնոլոգիական գիտելիքներ տալ։ Եվ պարտադիր չէ, որ նրանք այդ ոլորտի մասնագետներ լինեն, կարող են ծրագրում ընդգրկվել բոլոր նրանք, ովքեր սովորելու ցանկություն ունեն։

Նախարարն ընդգծել է նաև, որ մեծ աշխատանքներ են տարվում արհեստական բանականության և կիբերանվտանգության ուղղությունները զարգացնելու համար,  ներկայացրել է այդ ուղղությամբ իրականացվող գործունեությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Systronics»-ի հետ հնարավոր համագործակցության մի շարք այլ հնարավորություններ։

  • Կիսվել: