ուրբաթ, հոկտեմբեր 2
2 / 10 / 2026
ՀՀ ֆինանսների նախարարը և ԶՖԳ տարածաշրջանային տնօրենը քննարկել են համագործակցության հնարավոր նոր ուղղությունները

ՀՀ ֆինանսների նախարարը և ԶՖԳ տարածաշրջանային տնօրենը քննարկել են համագործակցության հնարավոր նոր ուղղությունները

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով տարածաշրջանային տնօրեն Ռիմա լը Կոգիկի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ֆինանսների նախարարությունից:

Նախարար Հովհաննիսյանը շնորհավորել է նորանշանակ տնօրենին և բարձր գնահատել ֆրանսիական կողմի օժանդակությունը ՀՀ Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգին:

Կողմերն այնուհետև անդրադարձել են քաղաքականության վրա հիմնված բյուջետային աջակցության վարկային ծրագրի մանրամասներին, ինչպես նաև ջրային ռեսուրսների կառավարման, գյուղատնտեսության, ջրամբարաշինության ոլորտների ծրագրերին:

Քննարկվել են նաև հետագա համագործակցության հնարավոր նոր ուղղությունները՝ մասնավորապես առողջապահության, մատչելի բնակարանաշինության, քաղաքային զարգացման, ջրային ենթակառուցվածքների, էներգետիկայի և առևտրի դիվերսիֆիկացման ոլորտներում։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով:

 

 

  • Կիսվել: