հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանն աջակցում է եւ կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղին․ Փաշինյան

Հայաստանն աջակցում է եւ կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղին․ Փաշինյան

Հայաստանը 2022 թվականին Լեռնային Ղարաբաղին կփոխանցի 20 մլրդ դրամ։ Միջոցները կուղղվեն բնակարանաշինությանը։ Այս մասին մայիսի 31-ին Ազգային ժողովում 2021 թվականի պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանը, կառավարության ղեկավարի խոսքով, աջակցություն է ցուցաբերում եւ կշարունակի ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին։

«Մասնավորապես, 2021 թվականին Ղարաբաղի բնակչության բոլոր կոմունալ վճարները՝ յուրաքանչյուրի համար որոշակի ծավալի չափով, ինչպես նաեւ պետական հատվածի բոլոր աշխատավարձերը, վճարվել են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից։ Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերից մենք տրամադրել ենք 136 միլիարդ դրամի աջակցություն, եւ մտադիր չենք սրա վրա կանգ առնել»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ 2019 թվականին Ղարաբաղի պետական բյուջեն կազմել է մոտ 118 միլիարդ դրամ։ Դրանցից մոտավորապես 58 միլիարդը փոխանցվել է Հայաստանից։ 2021 թվականին պետական բյուջեն արդեն կազմել է 174 միլիարդ դրամ։ Դրանից 128 միլիարդ դրամը Հայաստանն է ապահովել։

«2022 թվականին այդ վճարումները կհասցվեն 144 միլիարդ դրամի։ Մասնավորապես, 2022 թվականին Ղարաբաղում թոշակներն ու նպաստները բարձրացել են 20 տոկոսով»,- հավելել է կառավարության ղեկավարը։

Ի հավելումն ընթացիկ ծախսերի, բնակարանաշինության կարիքների համար մոտ 20 մլրդ դրամ կհատկացվի։ Ընդհանուր առմամբ, դրա համար առաջիկա տարիներին 50 միլիարդ դրամ կհատկացվի։

  • Կիսվել: