շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Երրորդ հանրապետության մեջ առաջին անգամ աշխատատեղերի թիվը գերազանցել է 700 հազարը. ՀՀ վարչապետ

Երրորդ հանրապետության մեջ առաջին անգամ աշխատատեղերի թիվը գերազանցել է 700 հազարը. ՀՀ վարչապետ

2022 թվականի նոյեմբեր ամսին ՀՀ-ում գրանցված և աշխատավարձով ապահովված աշխատատեղերի նոր ռեկորդ է սահմանվել, և երրորդ հանրապետության մեջ առաջին անգամ աշխատատեղերի թիվը գերազանցել է 700 հազարը, այսինքն՝ նոյեմբերի տվյալներով մենք ունենք 701 451 աշխատատեղ: Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն արձանագրեց, որ 2018 թվականի մայիսից ի վեր ՀՀ-ում ստեղծվել է 153 462 աշխատատեղ, ինչը 28 տոկոսի աճ է:

«Նաև պետք է արձանագրեմ, որ 2018 թվականի մայիսի նկատմամբ ՀՀ-ում համախառն աշխատավարձի ֆոնդը, ըստ էության, գրեթե կրկնապատկվել է, ավելացել է շուրջ 89 մլրդ 220 մլն դրամով կամ 92.3 տոկոսով»,- ասաց վարչապետը:

Նա կարևորեց նաև եկամտային հարկի ամսական ծավալների էական ավելացումը: 

Փաշինյանը նշեց, որ 2021 նոյեմբերի նկատմամբ միջին աշխատավարձն ավելացել է 44 931 դրամով կամ 20.4 տոկոսով: «Սա ամենակարևոր ազդակն է, որ մեր աշխատող հայրենակիցները հաջողությամբ դիմակայել են գնաճին, իհարկե, նաև հույս ունեմ՝ այն քաղաքականության շնորհիվ, որ Կառավարությունը վարում է»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց՝ չզեկուցվող հարցերի փաթեթի մեջ կարևոր նախագիծ է ընդունվել, որը վերաբերում է մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստին:

ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանն էլ հիշեցրեց, որ այս տարվա հոկտեմբերի 26-ին ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ պետական նպաստների մասին օրենքում փոփոխություն է կատարվել, որով վերանայվել է նպաստների գործող համակարգը, սահմանվել են նոր չափեր: Համաձայն այդ փոփոխությունների՝ 2023 հունվարի մեկից երեխայի խնամքի արձակուրդում գտնվող և գյուղաբնակ ծնողներից բացի մինչև 2 տարեկան երեխայի խնամքի համար նպաստ կստանան նաև քաղաքաբնակ չաշխատող մայրերը:

«Եթե երեխան ծնվել է 2023 թվականի հունվարի 1-ին կամ հետո, և մայրը չի աշխատում, ապա ամսական կվճարվի 31 600 դրամ գործող 28 600 դրամի փոխարեն, եթե մայրն աշխատում է, սակայն գտնվում է խնամքի արձակուրդում, կստանա 37 500 դրամ խնամքի նպաստ, իսկ եթե մայրը որոշում է խնամքի արձակուրդից վերադառնալ աշխատանքի՝ կպահպանվի 31 600 դրամը: Սա բավականին կարևոր կետ է, որովհետև գործող համակարգով՝ եթե դուրս էր գալիս աշխատանքի, ապա կասեցվում էր նպաստը»,- ասաց նախարարը:

Նա նաև ընդգծեց, որ խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողներն ամսական կստանան 69 100 դրամ, որը և՛ աշխատողի, և՛ չաշխատողի համար նախատեսված վճարն է: Իսկ եթե աշխատանքի վերադառնա, ապա այդ դեպքում նպաստի գումարը կկազմի 63 200 դրամ:

«Սա ժողովրդագրական նշանակություն ունեցող կարևոր նախագիծ է, և Կառավարության մեր ծրագրում առանձին դրույթ ունենք, որ պետք է շարունակենք բարելավել հնարավորությունները, որ ծնողները կարողանան և՛ աշխատանքի, և՛ երեխայի խնամքի նպաստը համատեղեն: Ըստ էության, 2023 թվականի համար մենք տրամադրում ենք 20 մլրդ 350 մլն դրամ գումար»,- ասաց Նարեկ Մկրտչյանը:

  • Կիսվել: