կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բանկային համակարգը փորձ է արվում դեմոնիզացվել, բայց բարձր տոկոսների խնդիր էլ ունենք. ՀՀ վարչապետ

Բանկային համակարգը փորձ է արվում դեմոնիզացվել, բայց բարձր տոկոսների խնդիր էլ ունենք. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների հարցերին, արձագանքեց բարձր տոկոսադրույքների վերաբերյալ մտահոգություններին:

«Բանկային համակարգը շատ է փորձ արվում դեմոնիզացնել, սրա մեջ հասկանալի բան կա, մարդկային էությունից է երևի. մարդիկ հաճույքով փող վերցնում են, վերադարձնելն այնքան էլ հաճելի չէ, բայց տոկոսների պրոբլեմը հասկանալի է: Ուզում եմ հասկանանք` բանկային համակարգը ոնց է աշխատում. վարկը, որ պետք է վերցնեք, բանկերին փող որտեղից, որ մեզ վարկ են տալիս, այն ձևավորվում է հետևյալ կերպ. քաղաքացիներն իրենց գումարը դնում են բանկերում որպես ավանդ. բանկը մի խմբից փողերը հավաքում է, տալիս մեկ այլ խմբի, և որ քաղաքացիները շահագրգռված լինեն փողը ոչ թե դարակում պահել, այլ բանկում, բանկերը տոկոսներ են առաջարկում: Այսինքն` բանկը պետք է փող տվող քաղաքացիներին ավելի շատ տոկոս առաջարկի, որ փող վերցնողներին տա. տոկոսով փող է հավաքում և տոկոսով տալիս»,- ասաց նա` նկատելով, որ տոկոսներն առաջանում են նաև գործառնական ծախսերից. շենքը կառուցում են, սպասարկում, աշխատավարձ են տալիս և այլն:

Վարչապետի համոզմամբ` եթե մենք բանկային աշխատանքը ճիշտ պատկերացնենք, շատ դեպքերում պրոբլեմներն ավելի հասկանալի կլինեն:

«Ես ընդունում եմ` մեզ մոտ տոկոսների բարձր լինելու խնդիր կա, բայց նաև պետք է նշեմ, որ դա կախված է նաև համաշխարհային թրենդներից. ինչ է տոկոսը, այն փողի գինն է, դա երբեմն ավելանում է, երբեմն նվազում. այստեղ էլ խնդիր կա: Կառավարությունը բանկային համակարգի գործունեությանը որևէ միջամտություն ցույց չի տվել 2018-ից հետո. սա կարևոր գործոն է, որով կարողացել ենք պահպանել ՀՀ-ում մակրոտնտեսական կայունությունը և տնտեսական աճի բարձր ֆոն ապահովել: Բանկը երբեմն ուզում է այնպես անել, որ վարկերը լինեն մատչելի, երբեմն` պակաս մատչելի. սա կապված է գնաճի հետ: Եթե շուկա շատ փող է մտնում, պահանջարկը մեծանում է, դրա հետ գներն էլ են մեծանում, նման դեպքերում բանկը փորձում է զսպել»,- ասաց վարչապետը` հայտնելով, որ այս տարի մեր երկրում գնաճը շատ ցածր մակարդակի վրա է, ինչը լավ է:

Վարչապետը կարևորեց նաև ծախսերի արդյունավետության բարձրացումը:

«Եթե մեկը ասի` ինձ երկու միլիոն դրամ տվեք, պիտի հետաքրքրվեք` ինչի համար է ուզում. եթե կազինո է տանելու, պարտվի, դուք կկորցնեք, իսկ եթե համոզիչ ծրագիր ներկայացնի, դուք շահագրգռված կլինեք»,- նշեց նա:

  • Կիսվել: