Ուղերձը` խաղաղություն... Մայրաքաղաքի առաջին դպրոցի սաներն արժևորել են Գրքի տոնը (լուսանկարներ)
Փետրվարի 19-ը՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Տարեցտարի տոնն ավելի մեծ ժողովրդականություն է ձեռք բերում՝ մեծ արձագանք գտնելով հանրության շրջանում և ստանալով համազգային բնույթ:
Օրն արժևորել են Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան համար 1 հիմնական դպրոցի 2-րդ «Ա», «Բ», «Գ» և «Զ» դասարանների աշակերտները։

Ցերեկույթը նրանց դպրոցական կյանքի առաջին միջոցառումն է։ Հետպատերազմյան ծանր շրջանում հայոց այբուբենը սերտած փոքրիկներն առաջին անգամ են բեմից հնչեցնում մայրենին:

Դպրոցի տնօրեն Լենա Ավանեսյանն իր խոսքում կարեւորեց օրվա խորհուրդը և ընդգծեց, որ յուրաքանչյուրն իր հերթին պետք է անի հնարավոր ամեն ինչ, որպեսզի մանուկներն ապրեն խաղաղ երկնքի տակ:

«Մեր հանդիպումը պետք է տեղի ունենար դեռևս 1-ին դասարանում, բայց այն օբյեկտիվ պատճառներով չկայացավ: Սակայն կարևորն այն է, որ այսօր հանդիպեցինք հենց մեր հայրենի հողի վրա:
Երեխաների փոքրիկ ելույթն իր մեջ մեծ բովանդակություն է պարունակում, նրանք ժպտում են, և դա է էականը. նրանք խոսում են մայրենի լեզվով: Մեր մանուկներն իրենց խոսքով կարևոր ու մեծ գաղափարներ արտահայտեցին:
Մենք էլ պետք է մեզ պարտավորված զգանք և անենք մեզանից կախվածը, որպեսզի մեր մանուկները խաղաղ մանկություն ունենան և այլևս ոչ մի պատերազմ չտեսնեն, քանզի նրանք են մեր ապագան»,-ընդգծել է տնօրենը:

Ծնող Տաթևիկ Պողոսյանը «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ցերեկույթն Արցախի մանուկների հայեցի դաստիարակության հերթական առհավատչյան է։

«Կարծես երեկ էր, երբ մեր փոքրիկների ձեռքից բռնած առաջին անգամ ոտք դրեցինք այս կրթօջախի շեմին, և ով իմանար, որ օրեր անց նրանք պիտի իրենց հոգու վրա զգային ահասարսուռ արհավիրքի ամբողջ ծանրությունը։ Բայց նրանք ուժեղ գտնվեցին, նրանք դրանից հետո տխրախոս լռության մեջ սերտեցին հայոց այբուբենը և այսօր մայրենիով մայրեննի համար աղոթք են մրմնջում: Ասում են՝ ամենախավար պահը լուսաբացից առաջ է, իսկ լուսաբացը բերում են լույսի սերմնացանները, լույսը հայոց լեզուն է, որը շարունակում է ապրել Արցախի մանուկների շուրթերին և շարունակում է ապրեցնել Արցախը: Եվ որքան ուժ ու նվիրում պիտի ունենա ուսուցիչը, որպեսզի իր հոգու խորքում ունեցած թախիծն այսքան հմտորեն քողարկել կարողանա»,-ընդհանրացրել է Տ. Պողոսյանը:

Ցերեկույթի վերջում օրվա խորհրդով երեխաներին նվիրեցին գրքեր` Հովհաննես Թումանյանի հեքիաթների ժողովածուն:



