չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արցախի պետնախարարը «Covid-19»-ի իրավիճակի վերահսկման նպատակով հանձնարարություններ է տվել

Արցախի պետնախարարը «Covid-19»-ի իրավիճակի վերահսկման նպատակով հանձնարարություններ է տվել

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 9-ին հրավիրել է խորհրդակցություն, նվիրված «Covid-19» համավարակի տարածման կանխարգելման ու բուժման ընթացիկ ու նախատեսվող աշխատանքներին, տեղեկացնում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակի մասին զեկույցներով հանդես են եկել ԱՀ առողջապահության նախարարության մասնագետները՝ ընդգծելով վերջին շրջանում հիվանդացության աճի արագ տեմպերը: Առողջապահության նախարարը ներկայացրել է պատվաստման ցուցանիշները հանրապետությունում՝ շեշտելով, որ վարակի տարածման կանխարգելման գլխավոր մեխանիզմը ժամանակին պատվաստվելն է:

Տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում մայրաքաղաքում ու շրջաններում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների շուրջ: Խորհրդակցության ավարտին Արտակ Բեգլարյանը մի շարք հանձնարարություններ է տվել բժշկական պարագաների ապահովվածության, պատվաստման աշխատանքների արդյունավետության բարձրացման, ախտահանիչ միջոցառումների անցկացման և այլ ուղղություններով: Պետական նախարարը նաև հորդորել է բնակիչներին զերծ մնալ բազմամարդ միջոցառումներից և պատվաստվել:

  • Կիսվել: