Արցախի նախագահի թիկնազորի պետը ազատ է արձակվել, նրան որևէ մեղադրանք չի առաջադրվել (տեսանյութ)
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի պետ Աշոտ Դանիելյանը 60 ժամ անազատության մեջ անցկացնելուց հետո ազատ է արձակվել, նրան որևէ մեղադրանք չի առաջադրվել, քրեական հետապնդումը շարունակելու որոշում չկա։
«Որևէ թմրանյութ կամ այլ կասկածելի բան խուզարկությունների ընթացքում չի հայտնաբերվել, թեև Աշոտին փորձում էին մեղադրել թմրանյութ օգտագործելու և իրացնելու մեջ, ինչը սամբոյի աշխարհի կրկնակի չեմպիոնի պարագայում աբսուրդ է։ Բնականաբար, նրան մեղադրանք չի առաջադրվել, քրեական հետապնդումը շարունակելու որոշում չկա, այս պահին նա ազատ է։ Այս ամենի մասով մենք հետագայում հանդես կգանք հայտարարությամբ», - նշեց Դանիելյանի փաստաբան Ռոման Երիցյանը։
Ինքը՝ Դանիելյանը, շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ով այս օրերին աջակցել են իրեն։
Նշենք, որ Աշոտ Դանիելյանը հայաստանյան իրավապահների կողմից կասկածվում էր թմրանյութ օգտագործելու և իրացնելու մեջ, թեև նա սամբոյի աշխարհի կրկնակի չեմպիոն է, և, ինչպես նշել են Դանիելյանի փաստաբանները, նույնիսկ ծխախոտ չի օգտագործում։
«Այս ամենը հարցեր է հարուցում, և մենք դրանց պատասխանները կստանանք, կոչ եմ անում Դանիելյանին շուտափույթ ազատել», - ասել է ԱՀ նախագահը։
Նա նաև նշել է, որ այս ամենը կապ ունի Արցախի հարցն ընդմիշտ փակելու ձգտումների հետ։
«Բայց պետք չէ գնալ այդ ճանապարհով, պետք է գտնվեն լուծումներ` Արցախի խնդրի, արցախցիների խնդիրների լուծման համար։ Իմ կարծիքով, եթե այդ հարցը չստանա արդարացի լուծում, մենք ունենալու ենք այս բաց վերքը, և այն միշտ արյունահոսելու է», - եզրափակել է ԱՀ նախագահը։