երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ադրբեջանա-արցախյան հակամարտություն. 30 տարի առաջ` փետրվարի 25-26-ին, վնասազերծվել են թշնամու վտանգավոր կրակակետերը

Ադրբեջանա-արցախյան հակամարտություն. 30 տարի առաջ` փետրվարի 25-26-ին, վնասազերծվել են թշնամու վտանգավոր կրակակետերը

1992թ. փետրվարի 25-26-ը նշանավորվել է Արցախի ինքնապաշտպանության ուժերի փայլուն ռազմագործողությամբ, որի շնորհիվ ազատագրվել է Ստեփանակերտի օդանավակայանը և, վերջապես, վնասազերծվել են Խոջալուի (այժմ՝ Իվանյան) թշնամական կրակակետերը:

Այդ առնչությամբ «Արցախպրես»-ի հետ զրույցում «Կաճառ» գիտական կենտրոն» ՀԿ նախագահ, պ.գ.թ., դոցենտ Մհեր Հարությունյանը մասնավորապես նշել է.

«Մեծ էր Խոջալուի ազատագրման ռազմաքաղաքական նշանակությունը: Նախ, վերականգնվեց հաղորդակցությունը Ասկերան ավանի հետ, մեծ քանակությամբ զենք ու զինամթերք առգրավվեց, հոգեբանական հուսալի նեցուկ եղավ համապարփակ շրջափակման մեջ գտնվող Արցախի հայ ազգաբնակչության համար, թեկուզև ժամանակավոր` վերականգնվեց օդային կապն արտաքին աշխարհի հետ, կանխվեց Ասկերանի ուղղությամբ Ստեփանակերտ ներխուժելու` հակառակորդի վաղեմի ծրագիրը, ծանր հարված հասցվեց Ադրբեջանի ռազմական մեքենային, էլ ավելի սրվեցին Բաքվի իշխանությունների և ընդդիմության ներհակությունները: Այդ հանրահայտ իրադարձություններն ադրբեջանական քարոզչամեքենան առայսօր ճարպկորեն շահարկում է և Աղդամի մոտակայքում հարյուրավոր քաղաքացիական անձանց սպանությունը ներկայացնում` որպես «հայերի կողմից ադրբեջանցիների ցեղասպանություն»: Արդեն քանիցս մեր կողմից նշվել է, որ դա արվել է Թուրքիայի բեմագրով սումգայիթյան ցեղասպանության և, ընդհանրապես, Հայոց Մեծ եղեռնի թեմայից համաշխարհային հանրության ուշադրությունը շեղելու, ինչպես նաև հայատյացության, էթնիկական անհանդուրժողականության և փոխվրեժի տրամադրություններն Ադրբեջանում խորացնելու ակնհայտ նպատակով: Խոջալուի իրադարձություններին իր հատուկ ծառայությունների մասնակցության համար Թուրքիան, ըստ երևույթին, լուրջ դրդապատճառներ ուներ», - ընդհանրացրեց Մ. Հարությունյանը:

  • Կիսվել: