հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանա-արցախյան հակամարտություն. 29 տարի առաջ` մարտի 17-ին, թշնամին վռնդվել է Վարդաձոր գյուղից

Ադրբեջանա-արցախյան հակամարտություն. 29 տարի առաջ` մարտի 17-ին, թշնամին վռնդվել է Վարդաձոր գյուղից

1993թ․ մարտի 16-ի լույս 17-ի գիշերը կոտրելով թշնամու դիմադրությունը գերիշխող բարձունքի վրա՝ Իլյիչ Բաղրյանի հրամանատարությամբ մարտնչող 3-րդ գումարտակի հիմնական ուժերն արդեն առավոտյան մտան ԱՀ Մարտակերտի շրջանի Վարդաձոր գյուղը և վերջապես ազատագրեցին այն 208-օրյա գերությունից։

Այդ առնչությամբ «Արցախպրես»-ի հետ զրույցում «Կաճառ» գիտական կենտրոն» ՀԿ նախագահ, պ.գ.թ., դոցենտ Մհեր Հարությունյանը մասնավորապես նշել է.

«Վարդաձորի պաշտպանական համառ մարտերը թշնամու գերակշիռ ուժերի հարձակումներից ծավալվել էին տակավին 1992 թվականի ամռանը։ Բնակավայրը մի քանի անգամ ձեռքից ձեռք է անցել: 1992 թ․ օգոստոսի 20-ին թշնամին կրկին գյուղ մտավ և բռնազավթեց այն: Մարտակերտի շրջանի ազատագրման՝ 1993 թ․ փետրվարի 5-ին մեկնարկած օպերացիայի հաջող ընթացքը հնարավորություն ընձեռեց հայ զինվորներին վերադառնալու Վարդաձոր: Գյուղի վրա գերիշխող բարձունքները թշնամին պատել էր ամրաշինական կառույցներով և, ըստ երևույթին, մտադիր էր մինչև վերջին հնարավորությունը պահել իր վերահսկողության տակ, որովհետև դրանք փակում էին Արցախի ԻՊՈՒ ճանապարհը դեպի Մարտակերտ: Թշնամու համառ դիմադրությունը կոտրելու գործում նշանակալի էր հրետանային նախապատրաստության ու կրակային աջակցության դերը: Ճնշելով թշնամու կրակակետերը՝ 1993թ. մարտի 17-ին Վարդաձորն ազատագրվեց։ Հայրենի գյուղի ազատագրմանը անմիջապես մասնակցեցին նաև 3-րդ գումարտակում ծառայող վարդաձորցիները և շրջակա գյուղերի բնակիչները։ Աջ թևում նրանց հետ գործակցում էին 77-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակը և Մարտունու ՊՇ համահավաք ստորաբաժանումը: Մարտակերտի ՊՇ 3-րդ գումարտակի մեկ զինվոր զոհվել է, 2-ը` վիրավորվել: Վարդաձորցիները զոհեր ու վիրավորներ չեն ունեցել: Վարդաձոր և Ճանկաթաղ գյուղերի ազատագրման ընթացքում թշնամին կորցրել է 21 զինծառայող», - ընդհանրացրեց Մ. Հարությունյանը:

  • Կիսվել: