կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանա-արցախյան հակամարտություն. 30 տարի առաջ` այս օրերին, թշնամին հետ շպրտվեց Ստեփանակերտի մատույցներից

Ադրբեջանա-արցախյան հակամարտություն. 30 տարի առաջ` այս օրերին, թշնամին հետ շպրտվեց Ստեփանակերտի մատույցներից

Արցախի Հանրապետության սահմանների ամբողջ երկայնքով հակառակորդի զինված կազմավորումների չդադարող հարձակումներին ի պատասխան և թիկունքն ապահովելու նպատակով, Արցախի ինքնապաշտպանական ուժերը ձեռնարկեցին ռազմական հենակետի վերածված Մալիբեկլուի (այժմ՝ Աջափնյակ) ազատագրումը, որը սկսվեց 1992 թ. փետրվարի 9-ին:

Այդ առնչությամբ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Կաճառ» գիտական կենտրոն» ՀԿ նախագահ, պ. գ. թ., դոցենտ Մհեր Հարությունյանը մասնավորապես նշել է. «Ուժերի վերախմբավորում կատարելուց հետո ինքնապաշտպանական ուժերը փետրվարի 10-ի առավոտյան վերսկսեցին գրոհը, ինչը հաջողությամբ զարգացավ:

Հատկանշելի են Առաջին վաշտի մարտիկների սրընթաց գործողությունները: Նույն օրվա երեկոյան, կանխելով թշնամուն, հայ մարտիկները հարված հասցրին Ղուչուլարում հապճեպ դիրքավորվող ադրբեջանցի զինյալներին:

Փետրվարի 11-ին վնասազերծվեցին նաև Ներքին և Վերին Ղուշչուլար գյուղերը: Եռօրյա մարտերի արդյունքում հայ ռազմիկների վաստակած հաղթանակն այլևս անշրջելի էր, ինչին անզոր էին խանգարել անգամ Շուշիից և Ջանհասանից Ստեփանակերտի վրա արձակված հարյուրավոր հրթիռներն ու արկերը:

Մալիբեկլուի ազատագրումը, ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի հերթական հաջողությունը լինելով, նաև մի կարևոր քայլ էր դեպի փաստացի անկախության հաստատում: Մայրաքաղաքն ազատվեց շրջափակման շղթայի ևս մի օղակից: Վերաբացվեց Ստեփանակերտի և Մարտունու շրջանի բնակավայրերի միջև հաղորդակցության ամենակարճ ճանապարհը:

Արցախում բնավորված ադրբեջանական զինված կազմավորումները ևս մի ուժեղ հարված ստացան, ինչը նաև ահեղ նախազգուշացում էր նշանակում: Եվ վերջապես ռազմական այդ հաղթանակը լավագույն նվերն էր ազգային զարթոնքի ու վերածննդի օրվա առթիվ, ասել է թե՝ վերականգնվեց որևէ նշանակալի օր նոր հաղթանակով նշելու ավանդույթը», - ընդհանրացրեց Մ. Հարությունյանը:

  • Կիսվել: