շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վաղը պետք է Ստեփանակերտի և Բաքվի հանդիպում լիներ, Ադրբեջանը հրաժարվել է․ Տիգրան Պետրոսյան

Վաղը պետք է Ստեփանակերտի և Բաքվի հանդիպում լիներ, Ադրբեջանը հրաժարվել է․ Տիգրան Պետրոսյան

Վաղը պետք է Ստեփանակերտի և Բաքվի հանդիպում լիներ, բայց Ադրբեջանը հրաժարվել է։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց Արցախի Հանրապետության նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը:

«Դուք գիտեք, որ Բաքուն արդեն մի քանի անգամ է փորձում է պարտադրել, որ Արցախից մարդ գնա Բաքու կամ Եվլախ, այսպես կոչված, բանակցությունների: Եթե նրանք այդպիսի բան են պարտադրում, ես պատկերացնում եմ, թե այնտեղ ինչպիսի խոսակցություն է տեղի ունենալու: Այս ֆոնին Եվրոպան եւ ԱՄՆ-ն փորձում են հանդիպում կազմակերպել երրորդ երկրում: Օգոստոսի 1-ին պետք է տեղի ունենար հանդիպում նախնական Սոֆիայում, Արցախի եւ Ադրբեջանի ՀԿ-ների միջեւ: Հետո Ռուսաստանն այդ ամենը իմանալով, խաղի մեջ մտավ, փորձեց առաջ անցնել եւ ամսի 25-ին Լավրովը հանդիպում է կազմակերպել, որի ընթացքում նա մեզ կոչեց «ազգային փոքրամասնություն», որն անընդունելի է եւ ցույց տվեց ՌԴ իշխանության այսօրվա քաղաքականությունը»,-ասաց Տիգրան Պետրոսյանը:

Նա մանրամասնեց, որ օգոստոսի 1-ին ԱՄՆ-ի եւ Եվրոպայի միջնորդությամբ Բրատիսլավայում պետք է տեղի ունենար հանդիպում Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև, սակայն Ադրբեջանը 2 օր առաջ առանց պատճառաբանությամբ հրաժարվել է ներկայանալ հանդիպմանը։

«Վաղը կամ մյուս օրը դրսի ներկայացուցիչները կժամանեն Երևան և կլինեն որոշ քննարկումներ։ Քննարկումները կավարտվեն, ես կներկայացնեմ, թե ինչ են քննարկել։

Բայց ուզում են անդրադառնալ Մոսկվայի պահվածքին։ Մոսկվան այս պահին առաջարկում է գնալ Եվլախ հանդիպման, այսինքն՝ Մոսկվան Ադրբեջանում է հանդիպում կազմակերպում, երբ Բաքուն սկսել է ազատագրական պայքարին մասնակցած արցախցիներին առևանգել, Վագիֆ Խաչատրյանի օրինակն է հենց մեր աչքի առջև։ Այս պայմաններում Մոսկվայի առաջարկը ծաղրանք է մեր նկատմամբ»,- ասաց Պետրոսյանը։

ԱՀ նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահի խոսքով՝ իրենք այս պահին սպասում են ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջարկներին,  դրանք  ի մի կբերեն և նոր կորոշեն անելիքները։

Հիշեցնենք, որ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ առաջիկա օրերին ԱՄՆ-ի միջնորդությամբ եվրոպական քաղաքներից մեկում պետք է կայանա Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը:

  • Կիսվել: