ԱՄՆ-ն Իրանի հարավում հարձակում է իրականացրել տան վրա, որտեղ ընթանում էր հարսանեկան արարողություն․ կա 4 զոհ, 68 վիրավոր
Իրանի Հորմոզգան նահանգի Սիրիկ քաղաքի Քուհեստակ բնակավայրում հարսանեկան արարողության մասնակիցների վրա ԱՄՆ-ի հարձակման հետևանքով առնվազն 4 մարդ զոհվել է, 68-ը՝ վիրավորվել:
Տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ դեպքի վայրում իրականացվել են փրկարարական աշխատանքներ և փլատակների մաքրման աշխատանքները, սակայն քանի որ որոշ վիրավորների վիճակը ծանր է, զոհերի թիվը կարող է աճել։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով IRIB-ին, Հորմոզգանի նահանգապետի քաղաքական, անվտանգության և սոցիալական հարցերով տեղակալ Ահմադ Նեֆիսին հայտմել է, որ տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր է ուղարկվել 15 շտապօգնության մեքենա, իսկ փլատակների մաքրման աշխատանքներն ավարտվել են։ Նրա խոսքով՝ վիրավորների վիճակի գնահատումը դեռ շարունակվում է և վերջնական տվյալները կհրապարակվեն բուժական միջոցառումների ավարտից հետո։
Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմե Մոհաջերանին նույնպես արձագանքին է հարձակմանը։ Անդրադառնալով Մինաբի և Սիրիկի վրա հարձակումներին՝ նա հայտարարել է․ «Մինաբում թիրախավորեցին աշակերտներին՝ նրանց նստարանների հետևում, իսկ Սիրիկում հարսանիքը վերածեցին սգո արարողության»։
Մոհաջերանին, ընդգծելով, որ այս երկու դեպքերում ԱՄՆ-ի իրականացրած հանցագործությունն ակնհայտ է, հավելել է, որ որևէ պնդում չի կարող թաքցնել այս իրողությունը։ Նա նաև հայտարարել է, որ Իրանի կառավարությունը կանգնած է Հորմոզգանի ժողովրդի կողքին և կիսում է հարձակման զոհերի ընտանիքների վիշտը։



