երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
«Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին Օլիմպիադայում արծաթե մեդալ նվաճած շախմատի տղամարդկանց հավաքականին

«Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին Օլիմպիադայում արծաթե մեդալ նվաճած շախմատի տղամարդկանց հավաքականին

«Սա վերջին տարիների հայկական սպորտի ամենավառ սենսացիան ու անակնկալն էր»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը՝ խոսելով շախմատի հավաքականի հետ կապված ակնկալիքներից։
Կարեն Գիլոյանի խոսքով՝ եթե տղաները մտնեին  հնգյակ, արդեն իսկ շատ լավ արդյունք կլիներ. «Բայց տղաները ապացուցեցին, որ թիմում կարևոր չէ վառ աստղի առկայությունը։ Թիմը հաջողության է հասնում, երբ օրգանապես զգում են միմյանց: Վերջին տուրը ուղակի ամենագեղեցիկ ու վառ ապացույցն էր, թե թիմը ինչպես պետք է խաղա, հենց տեսան Գաբրիել Սարգսյանը առավելություն ունի, բոլորը սկսեցին ոչ-ոքի խաղալ՝ մեզ հաղթանակ էր պետք»,-ասաց Գիլոյանը:
Նա ընդգծեց, որ չնայած այն փաստին, որ Հայաստանը երեք անգամ Օլիմպիադայի չեմպիոն թիմ է ունեցել, երկարատև դադարից հետո սա համարում  է պատմական հաջողություն:
 
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչ  Արման Փաշիկյանը նշեց, որ թիմը միանշանակ շատ լավ մասնակցություն ցուցաբերեց: «Դժվարանում եմ նախկինում հիշել նման դեպք, որ հավաքելով այսքան միավորներ, թիմը գրավի երկրորդ տեղը, քանի որ եղել են դեպքեր, երբ  ավելի քիչ միավորներով դարձել են Օլիմպիադայի չեմպիոն: Իսկ այս տարի, կարելի է ասել, մրցակցությունը շատ մեծ էր ու հիմնականում երեք թիմերի  մեջ էր»,- ասաց նա:
 
Անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղին՝ Փաշիկյանը նշեց, որ, բնականաբար,  հոգեբանորեն լարվածությունը մի փոքր ավելի շատ էր, բայց սկզբնախաղերից հետո, դիրքերը շատ բարենպաստ էին, և մրցաշարի առաջին րոպեների ընթացքում արդեն պարզ էր, որ կհաղթեն:
 
Հայաստանի շախմատի հավաքականի ավագ Գաբրիել Սարգսյանը, անդրադառնալով հավաքականի նախկին ավագ Լևոն Արոնյանի բացակայությանը, ասաց. «Անգամ այս մեր հաղթանակի մեջ մեծ ներդրում ունի Լևոն Արոնյանը: Իհարկե, մեծ կորուստ է մեզ համար, որ Լևոնը չկա, բայց անգամ այս մեր հաղթանակի մեջ նա մեծ ներդրում ունի։ Նա ամեն անգամ պարապել է մեզ հետ, ամեն ուժեղ շախմատիստի մեջ նա մեծ ներդրում ունի։ Բնականաբար, իր բացակայությունը զգացվում է, ու հատկապես զգացվում էր մրցաշարին պատրաստվելու ժամանակ»։
Անդրադառնալով իր խաղին՝ Գաբրիելն ընդգծեց, որ, իհարկե, առաջին տախտակը  դժվար էր, քանի որ այս անգամ իրականում առաջին տախտակի խաղացողները շատ լավ մարզավիճակում էին, բայց  ուրախ է, որ ամեն ինչ լավ է ստացվել: «Անընդհատ մտածում էի, որ եթե ես կարողանամ պահել իմ տախտակը՝ թիմը հնարավորություն կունենա մեդալ նվաճելու, բայց այնպես ստացվեց, որ ինձ հաջողվում էր նաև հաղթել, ինչը տղաներին ավելի շատ վստահություն էր տալիս»,- ասաց թիմի ավագը:
 
ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես եկել էր դիմավորելու հաղթանակներով վերադարձած հայ շախմատիստներին։
 
Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հայ շախմատիստներից լավ խաղ էին սպասում, բայց նրանք բոլոր սպասումներից ավելի լավ են հանդես եկել և երկիրը արժանապատվորեն ներկայացրել մեծ մարզական միջոցառմանը։

  • Կիսվել: