երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
«Ժողովուրդ». Հրաժարականների շքերթ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնում

«Ժողովուրդ». Հրաժարականների շքերթ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնում

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատողները Վիգեն Ավետիսյանի հրաժարականից հետո սկսել են «շնչել»: Այժմ տեսչական մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է Գնել Հասրաթյանը: Թե երբ տեսչական մարմինը ղեկավար կունենա, հայտնի չէ:

Հետաքրքիր է, որ Վիգեն Ավետիսյանի հրաժարականից հետո հեռացել են նաեւ նրա խորհրդականները: Օրինակ՝ հրաժարականի դիմում ներկայացրել են խորհրդականներ Արթուր Օթարյանը, Երեմ Սահակյանը, Հայկ Վարդանյանը:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վտանգված է ղեկավարի օգնական Ալեքսանդր Կիրակոսյանի աշխատանքային ճակատագիրը:

Պարզվում է՝ Կիրակոսյանը Վիգեն Ավետիսյանի հրաժարականից հետո անակնկալ «վարակվել է» կորոնավիրուսով, եւ երբ ղեկավարությունը պահանջում է բժշկի գնալ եւ արդյունքը ներկայացնել, անհասկանալի պատճառներով հրաժարվում է:

Սակայն նկատենք, որ իր պաշտոնին է շարունակում մնալ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը, որը Շրջակա միջավայրի նախարարության նախկին նախարար, այժմ հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությանյանի՝ Բուլկու կադրերից է: Գալոյանի թեկնածությունը տեսչական մարմնի խորհրդին առաջարկել էր հենց Վիգեն Ավետիսյանը:

Բայց «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գալոյանն անգամ չի ցանկացել, որ իրեն տեղակալ նշանակեն: Նա այս մասին իր մտերիմ շրջապատում անկեղծացել է՝ նշելով, որ պատասխանատվությունը մեծացել է, սակայն աշխատավարձը չի բարձրացել, ուստի չի բացառվում, որ առաջիկայում լսենք նաեւ Գալոյանի հրաժարականի լուրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: