հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Առաջարկվում է արմատապես բարեփոխել բնապահպանական կառավարման ոլորտը

Առաջարկվում է արմատապես բարեփոխել բնապահպանական կառավարման ոլորտը

««Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթով Կառավարությունը նպատակ ունի արմատապես բարեփոխել բնապահպանական կառավարման ոլորտը և ապահովել Հայաստանի միջազգային պարտավորությունների կատարումը, հատկապես 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախաշեմին: Այս մասին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 22-ի նիստում ասել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը՝ ներկայացնելով վերոնշյալ օրենսդրական նախաձեռնության փոփոխությունները:

Փոխնախարարի խոսքով՝ օրենսդրական փաթեթով ներդրվում է նոր ինստիտուտ, որը համայնքներին հնարավորություն կտա ստեղծել և կառավարել բնության հատուկ պահպանվող տարածքներ (օրինակ՝ Երևան քաղաքում նախատեսվում է նոր կանաչ տարածքների ստեղծում): Սահմանվում է բնության հուշարձանների կառավարման հստակ գործիքակազմ: Մրցութային կարգով թույլատրվում է համայնքներին և իրավաբանական անձանց կառավարել հուշարձանները, իսկ հողամասերը կառուցապատման իրավունքով կտրամադրվեն բացառապես ներդրումային ծրագրերի համար:

Նախատեսվում է նաև ներդնել նոր կարգավորումներ էկոմիջանցքների, բուսաբանական այգիների, անտառպարկերի և դենդրոպարկերի համար:

Առաջաին ընթերցմամբ քննարկված օրենքների նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն: Առաջարկվել է այն քննարկել  հատուկ ընթացակարգով:

 

  • Կիսվել: