չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Վիվա-ՄՏՍ-ը հայտարարություն է տարածել՝ ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի տարածած տեղեկատվության

Վիվա-ՄՏՍ-ը հայտարարություն է տարածել՝ ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի տարածած տեղեկատվության

Վիվա-ՄՏՍ-ը հայտարարություն է տարածել ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի տարածած տեղեկատվության, որը ներկայացնում ենք ստորև.

«Վիվա–ՄՏՍ–ը ևս մեկ անգամ ստիպված է արձագանքել «Ժողովուրդ» օրաթերթի և փոխկապակցված կայքի՝ մերկապարանոց, կեղծ ու անպատասխանատու մեղադրանքներին։
                                        
Երկու օր առաջ՝ 25.08.2022-ին, Վիվա–ՄՏՍ–ը «Ժողովուրդ» օրաթերթում նույն օրը հրապարակված նյութի կապակցությամբ պարզաբանել էր, որ ընկերությունն ադրբեջանցիներին բջջային քարտեր չի տրամադրել (բաժանել), ինչը հաստատվում է հենց օրաթերթի կողմից հրապարակված՝ ԱԱԾ-ից վերջինիս ստացած պատասխանով, որը մեջբերում ենք ստորև.
 
««ՄՏՍ Հայաստան» ընկերությունը, այնպես էլ ՀՀ-ում գործող մյուս բջջային օպերատորները Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցներին, Ադրբեջանի քաղաքացիներին, ադրբեջանական անձնագրեր ունեցող անձանց հեռախոսահամարներ չեն վաճառել»։
 
Օրաթերթը կրկին անտեսելով իր իսկ վկայակոչած՝ ԱԱԾ–ի տրամադրած ակնհայտ ու սպառիչ պատասխանը, փորձում է գոյություն չունեցող հակասություն գտնել ԱԱԾ պատասխանի և Վիվա–ՄՏՍ–ի՝ օգոստոսի 25–ի հայտարարության միջև։
 
Հիմա ամենակարևորը․ «Ժողովուրդ» օրաթերթն ու փոխկապակված կայքը, կամ միտումնավոր, կամ լրագրողական պարտականությունները թերի կատարելու արդյունքում, ընթերցողին չեն ներկայացրել, որ 2020 թ․ հուլիսի 25–ին Վիվա–ՄՏՍ–ն արդեն իսկ տարածել է հայտարարություն խնդրո առարկայի վերաբերյալ, և այդ հայտարարությունը լայնորեն տարածվել է հայաստանյան մամուլում։ Ցանկության և նվազագույն ջանք գործադրելու դեպքում այն կարելի էր հեշտությամբ գտնել Google որոնողական համակարգի միջոցով, օրինակ՝ այս հղումով: Ստորև ներկայացնում ենք այդ հայտարարության տեքստն ամբողջությամբ․
 
=== ՍԿԻԶԲ ===

 

«Ի պատասխան Վիվա-ՄՏՍ-ի կոդով երկու հեռախոսահամարների վերաբերյալ հարցումների ու հրապարակումների՝ ընկերությունը հարկ է համարում տեղեկացնել, որ վերը նշված համարները տրամադրվել են իրավաբանական անձի` մասնագիտական սոցիոլոգիական հարցումներ իրականացնելու նպատակով:

 

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ իր սերվերային ու ցանցային համակարգերը լիարժեք պաշտպանված են հաքերային հարձակումներից՝ տեղեկատվական անվտանգության կառավարման ISO/IEC 27001/2013 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան:

Ինչպես արդեն վերը նշվել է, տվյալ համարներն օգտագործվել են հարցումներ իրականացնելու նպատակով, իսկ սերվերային ու ցանցային համակարգերը չեն ենթարկվել հաքերային որևիցե հարձակման, չեն վնասվել ու շարունակում են անխափան գործել»:

=== ԱՎԱՐՏ ===

Վերը նշված հաղորդագրությունից հետո, հայաստանյան որոշ ԶԼՄ–ներ ձեռնարկել են նաև լրացուցիչ ուսումնասիրություններ և հրապարակել դրանց արդյունքները, ինչը նույնպես չէր կարող աննկատ մնալ ջանասիրաբար իր պարտականությունները կատարող լրատվամիջոցի համար։ 

Վիվա–ՄՏՍ–ը նաև տարակուսանք է հայտնում առ այն, որ օրաթերթն արդեն երկրորդ հրապարակումն է տարածում՝ չսպասելով Վիվա–ՄՏՍ–ին ուղղված իր տեղեկատվական հարցման պատասխանին։ Այն ուղարկվել է Վիվա–ՄՏՍ օգոստոսի 25-ին։                                                      

Հավելենք միայն, որ «Ժողովուրդ» օրաթերթի՝ Վիվա–ՄՏՍ–ին թիրախավորելու շարժառիթներն ավելի քան պարզ են և, ցավոք, ենթադրաբար՝ զուտ նյութական։ Թե որոնք են դրանք, թողնում ենք լրագրողական համայնքի և հանրության դատողությանը։ 
 
Շնորհակալություն»:

Հիշեցնենք, որ երեկ «Ժողովուրդ» օրաթերթը հայտարարություն տարածեց՝ ի պատասխան ՎԻՎԱ-ՄՏՍ-ի հայտարարության, որում ասվում էր. «Իրականում այս խնդիրը գոյություն ունի, եւ այդ բացահայտումն արել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը 2020 թվականի ամռանը, երբ պատերազմը դեռ չէր սկսվել»։

  • Կիսվել: