ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վիվա-ՄՏՍ-ը հայտարարություն է տարածել

Վիվա-ՄՏՍ-ը հայտարարություն է տարածել

Վիվա-ՄՏՍ-ը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

««Ժողովուրդ» օրաթերթի՝ 25.08.2022 համարում լույս տեսած, ինչպես նաև առանձին կայքերում տեղ գտած՝ «Ինչպես են «Վիվա ՄՏՍ»-ի քարտերը հայտնվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ձեռքին» հրապարակման մեջ պարունակվող տեղեկատվությունն առ այն, թե իբր, մեջբերում ենք. ««Վիվա ՄՏՍ» ընկերությունը ադրբեջանցիներին բջջային քարտեր է բաժանել», իրականությանը չի համապատասխանում, ամբողջովին կեղծ է և շինծու:

Ավելին՝ Հայաստանի բջջային բոլոր օպերատորներին հավասարապես վերաբերող՝ ԱԱԾ հայտարարությունից բացառապես Վիվա-ՄՏՍ-ին առանձնացնելն ու հիշատակելը «Ժողովորդ» օրաթերթում, ինչպես նաև այն, որ օրաթերթն անտեսել է հենց իր կողմից վկայակոչած՝ ԱԱԾ տրամադրած պատասխանն առ այն, որ, մեջբերում ենք. ««ՄՏՍ Հայաստան» ընկերությունը, այնպես էլ ՀՀ-ում գործող մյուս բջջային օպերատորները Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցներին, Ադրբեջանի քաղաքացիներին, ադրբեջանական անձնագրեր ունեցող անձանց հեռախոսահամարներ չեն վաճառել», ակնհայտորեն ի ցույց է դնում «Ժողովորդ» օրաթերթի վերը նշված հրապարակման մանիպուլյատիվ բնույթը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վիվա-ՄՏՍ-ը գտնում է, որ «Ժողովուրդ» օրաթերթի 25.08.2022 համարում և առանձին կայքերում տեղ գտած՝ «Ինչպես են «Վիվա ՄՏՍ»-ի քարտերը հայտնվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ձեռքին» հրապարակումն ուղղված է Վիվա-ՄՏՍ-ի գործարար համբավն ու հեղինակությունն արատավորելուն:

Վիվա-ՄՏՍ-ն իրավունք է վերապահում սույն հայտարարությունը հասանելի դարձնել հայաստանյան բոլոր ԶԼՄ-ին, հաշվի առնելով այն, որ «Ժողովորդ» օրաթերթի հրապարակումը տարածվել է այլ ԶԼՄ-ներում, իսկ օրաթերթն անգամ հարկ չի համարել հրապարակումից առաջ ճշտել Վիվա-ՄՏՍ-ի դիրքորոշումը հրապարակման մեջ տեղ գտած պնդումների վերաբերյալ:

Վիվա-ՄՏՍ-ն անընդունելի է համարում նմանօրինակ կեղծ ու մտացածին լուրերի տարածումը տեղեկատվական դաշտում՝ անկախ լրատվամիջոցի հետապանդած օրակարգից և վճռական է իր գործարար համբավն ու հեղինակությունը պաշտպանելու հարցում:

Շնորհակալություն»:

  • Կիսվել: