շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վարչապետի օգնականը մոտեցավ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնողներին

Վարչապետի օգնականը մոտեցավ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնողներին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր զոհված զինծառայողների հարազատները կառավարության դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով չեղարկել Սեպտեմբերի 21-ին նախատեսված միջոցառումը:

Ստեղծված իրավիճակը նրանց հետ քննարկեց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:

Զոգված զինծառայողների ծնողներից մեկը Փաշինյանի օգնականին առաջարկեց չեղարկել կամ հետաձգել նախատեսված միջոցառումը, փոխարենը սեպտեմբերի 21-ին ցանկացողները թող մոմավառությամբ երթով գնան Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու պատերազմում նահատակված հերոսների հիշատակին:

Այլ հարազատներ էլ նշեցին, որ միջոցառման համար նախատեսված գումարներն ավելի նպատակահարմար կլիներ, որ կառավարությունն ուղղեր պատերազմում վիրավորված ու հաշմանդամ դարձած զինծառայողների, կամավորականների խնդիրները լուծելուն, մեկ ուրիշն էլ տարակուսեց:

Ի պատասխան՝ Նաիրի Սարգսյանն ասաց, որ հրավառություն տեղի չի ունենալու, իսկ միջոցառման ժամանակ ցուցադրվելու եւ հիշեցվելու են ՀՀ պատմության 30 տարվա հիշարժան դեպքերն ու իրադարձությունները՝ բեմականացված կերպով:

Նա հավելեց, որ միջոցառումը Անկախության տոնին է նվիրված, որը պարտադիր պետք է նշվի, բայց այս տարին հոբելյանական է՝ 30-ամյակը, այդ պատճառով որոշվել է ըստ արժանվույն նշել՝ հարգելով զոհերի հիշատակը: Հարազատներն էլ հակադարձում են՝ մի՞թե չեն կարող հետաձգել միջոցառումներն ու գոնե սպասել, որ զոհված տղաների մահվան մեկ տարին լրանա, եւ որեւէ միջոցառում անցկացվի գոնե նոյեմբերի 10-ից հետո: Սարգսյանն էլ նկատեց՝ պատերազմում ընկած զինծառայողները տարբեր ժամանակահատվածներում են զոհվել, ուստի սխալ կլինի կոնկրետ օր ամրագրել այդ սկզբունքով, քանի որ այս տարի էլ են զինծառայողներ զոհվել:

Վարչապետի օգնականը կառավարության շենքի դիմաց իրենց բողոքն արտահայտող հարազատներին առաջարկեց գնալ կառավարություն եւ քննարկել հարցը, բայց հավաքվածները տարբեր կարծիքներ ունեն՝ ոմանք կողմ են լսելու կառավարության առաջարկություննրը, ոմանք էլ կտրականապես մերժում են կառավարություն մտնել ու մասնակցել որեւէ քննարկման:

 

  • Կիսվել: