երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Մեկնարկել է COP17-ի անտառի հիմնման նախաձեռնությունը

Մեկնարկել է COP17-ի անտառի հիմնման նախաձեռնությունը

Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ՝ «Կենսաբազմազանության շաբաթ Հայաստանում» միջոցառումների շրջանակում Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արագածոտնի անտառտնտեսություն մասնաճյուղի տարածքում պաշտոնապես մեկնարկել է COP17-ի անտառի հիմնման նախաձեռնությունը։ Այդ մասին ասված է ՇՄՆ Ֆեյսբուքի էջում։
 
«Այս նախաձեռնությունը միտված է կարևոր ուղերձ հղել աշխարհին՝ նախանշելով Հայաստանի հանձնառությունը բնության պահպանության և կենսաբազմազանության վերականգնման հարցում։ Անտառը հիմնվել է՝ որպես ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովի խորհրդանիշ, որը 2026 թվականին անցկացվելու է Հայաստանում։
 
Այս նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետությունը ցույց է տալիս, որ բնապահպանական միջազգային հարթակներում ստանձնած պարտավորությունները հետևողականորեն իրականացնում է տեղում՝ գործնական քայլերով։
 
Յուրաքանչյուր տնկված ծառ այս անտառում խորհրդանշում է մեր հավաքական պատասխանատվությունն ու նպատակը՝ աջակցել կենսաբազմազանության վերականգնմանը, պայքարել կլիմայական փոփոխությունների դեմ և ստեղծել ավելի կանաչ և կայուն ապագա։
 
Ծառատունկին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, նախարարի տեղակալները, նախարարության աշխատակազմը, ինչպես նաև ենթակա ՊՈԱԿ-ների ղեկավարները։
 
COP17-ի անտառը լինելու է ոչ միայն խորհրդանշական տարածք, այլև իրական կանաչ ժառանգություն, որը կմնա ապագա սերունդների համար»,- նշված է գրառման մեջ։

 

  • Կիսվել: