շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Հղին տեղափոխվել է Երեւան կայուն հեմոդինամիկ ցուցանիշներով. Վանաձորի բժշկական կենտրոնում հղիի մահ չի արձանագրվել․ ԲԿ

Հղին տեղափոխվել է Երեւան կայուն հեմոդինամիկ ցուցանիշներով. Վանաձորի բժշկական կենտրոնում հղիի մահ չի արձանագրվել․ ԲԿ

Վանաձորից հղին տեղափոխվել է Երեւան կայուն հեմոդինամիկ ցուցանիշներով. Վանաձորի բժշկական կենտրոնում հղիի մահ չի արձանագրվել: Այս մասին հայտում են Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից։

Ի պատասխան վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տարածած հաղորդագրության, որտեղ նշված է, թե հղին մահացել է «Վանաձոր» բժշկական կենտրոնի ծննդատանը, հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ պարզաբանումները:

Նախ. Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում երեկ՝ օգոստոսի 25-ին, ծննդկանի մահվան դեպք չի արձաննագրվել, ինչպես նշված է սույն հաստատության հաղորդագրության մեջ:

Մահացած ծննդկան Մ. Գ.-ն ընդունվել է Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք օգոստոսի 22-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում, ուժեղ ցավերով: Անմիջապես իրականացվել են համապատասխան հետազոտություններ, կազմակերպվել են նաեւ նեղ-մասնագետների կոնսուլտացիաներ: Հղիի մոտ հաստատվել է աջակողմյան լումբոիշալգիա: Նեղ մասնագետների կողմից նշանակվել է համապատասխան բուժում:

Օգոստոսի 24-ին հղիի մոտ նկատվել են ցավեր կրծքավանդակի շրջանում, կրկին հրավիրվել են թերապեւտ, նյարդաբան, ցուցվել է կատարել մագնիսա-ռեզոնանսային հետազոտություն (MRT) հետազոտություն (Վանաձորի բժշկական կենտրոնում տվյալ հետազոտությունը չի իրականացվում):

Կապ է հաստատվել վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի հետ, պայմանավորվածություն ձեռք բերվել ծննդկանին տեղափոխել իրենց մոտ, սակայն նշված կառույցից ժամեր անց առաջարկել են ծննդկանին տեղափոխել հաջորդ օրը, այսինքն երեկ՝ օգոստոսի 25-ին:

Տեղափոխման ժամանակ հղիի ճնշումը եղել է 90/60, սատուրացիան՝ 97: Հղիի վիճակը, մինչ շտապօգնության մեքենան նստեցվելը, գնահատվել է շտապօգնության բժշկի կողմից: Կայուն հեմոդինամիկ ցուցանիշներով հղին տեղափոխվել է Երեւան: Եթե կինը լիներ անգիտակից կամ այնպիսի վիճակում, ինչպես նշված է վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ, ապա միանշանակ հղին այդ վիճակում չէր ճանապարհվի Երեւան:

Ճանապարհին հղիին ընդունած մանկաբարձ-գինեկոլոգ Ռուզաննա Վանյանը կապ է հաստատել շտապօգնության բժշկի հետ: Շտապօգնության մեքենայի մեջ կնոջ գիտակցությունն ու խոսքը տեղն է եղել: Կնոջ վիճակը կտրուկ վատացել է վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և

գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի ընդունարանում, միանգամից տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ կարճ ժամանակ անց արձանագրվել է հղիի մահը:

Խորապես ցավակցելով մահացած ծննդկանի հարազատներին ու մտերիմներին, հիշեցնում ենք, որ փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննության ավարտին բոլոր հարցերը կստանան իրենց պատասխանները:

 

  • Կիսվել: