ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Վաղարշապատի հիվանդանոցի բժիշկը BMW-ով գլխիվայր հայտնվել է ջրատարում․ կա վիրավոր

Վաղարշապատի հիվանդանոցի բժիշկը BMW-ով գլխիվայր հայտնվել է ջրատարում․ կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 63-ամյա Հովհաննես Ա․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 119 կմ հատվածում դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ճանապարհին կից ջրատարում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ 66-ամյա Մ․Ջ․-ն նախ տեղում օպերատիվորեն ժամանած «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել Երևանի Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Եղեգնաձորի թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր վիրավորին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ապա փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Հովհաննես Ա․-ն աշխատում է «Վաղարշապատ» բժշկական կենտրոնում որպես բժիշկ։ 

  • Կիսվել: