շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագետներն անվճար սոնոգրաֆիկ հետազոտություններ են իրականացրել Սյունիքում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագետներն անվճար սոնոգրաֆիկ հետազոտություններ են իրականացրել Սյունիքում

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, կարևորելով բժշկական ծառայությունների շարունակական զարգացումը, ՀՀ մարզերում նախաձեռնել է գիտագործնական միջոցառումների և գիտաժողովների շարք, որը կրում է «Ուռուցքաբանական ֆորում» անվանումը:

Երկրորդ՝ «Երևան-Սյունիք ուռուցքաբանական ֆորումը», տեղի է ունեցել Կապանում:

Ֆորումի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՈՒԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանը, որը կարևորել է պարբերաբար այցերը մարզեր, դրանց շրջանակում տեղի բժիշկների հետ համագործակցությունները, բնակչության համար անվճար հետազոտությունները` կենտրոնի բժիշկների մասնակցությամբ:

Ֆորումի ընթացքում, որին մասնակցում էին շուրջ 20 մասնագետներ (ՈւԱԿ-ի բաժանմունքների ղեկավարներ, բժիշկներ), հանդես են եկել զեկույցներով՝ մարզային գործընկերների հետ կիսվելով իրենց փորձով, տարբեր գիտաժողովների, մասնագիտական որակավորումները բարձրացնող վերապատրաստումների ընթացքում ձեռք բերած գիտելիքներով, ինչպես նաև ներկայացրել են ՈՒԱԿ-ում վերջին շրջանում տեղի ունեցած փոփոխությունները, ձեռք բերված սարք-սարքավորումների հնարավորությունները, կատարված բացառիկ վիրահատությունները:

Ֆորումին զուգահեռ Սյունիքի մարզում բնակվող քաղաքացիների համար անվճար սոնոգրաֆիկ հետազոտություններ և նեղ-մասնագիտական խորհրդատվություններ են իրականացրել ՈՒԱԿ-ի պրոֆեսիոնալ բժշկական անձնակազի ներկայացուցիչները: Ակցիայի շրջանակում սոնոգրաֆիկ հետազոտություն (կրծքագեղձ, վահանձև գեղձ, որովայն) անցավ և նեղ- մասնագիտական խորհրդատվություններ է ստացել մարզի ավելի քան 200 բնակիչ:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մարզային այցերը կրելու են շարունակական բնույթ: Կենտրոնի համար կարևոր է, որ մեր երկրի բնակչությունը ստանա որակյալ մասնագիտական խորհրդատվություն, հետագայում` բուժում՝ անկախ բնակության վայրից:

  • Կիսվել: