ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Տուժող կողմը կասկած ունի՝ վկան սկզբում տվել է ճիշտ տեղեկություն, հետո հերքել է. Ազատ գյուղի կացարանի հրդեհի գործ

Տուժող կողմը կասկած ունի՝ վկան սկզբում տվել է ճիշտ տեղեկություն, հետո հերքել է. Ազատ գյուղի կացարանի հրդեհի գործ

Այսօրվա դատական նիստը նշանակալի էր այն հանգամանքով, որ որպես վկա հարցաքննվում էրՆԳՆ փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալը (Արսեն Սարոյանը–խմբ), ով դեպքի հենց հաջորդ օրը հրավիրվել էր հանրային հեռուստաընկերություն, և, ըստ էության, հանրությանը տվել էր այնպիսի տեղեկատվություն, համաձայն որի զոհված 15 զինծառայողներից 14-ը գտնվել են մահճակալների վրա, իսկ մեկ զինծառայող գտնվել է վառարանի մոտ։ Այս մասին, այսօր՝ մայիսի 23–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Ազատ գյուղի կացարանի հրդեհի գործով տուժողների իրավահաջորդների փաստաբան Նորայր Նորիկյանը։

«Հետագայում ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, նշված անձը վարույթ իրականացնող մարմնին ցուցմունք տալով, էապես փոխել է իր ցուցմունքը և նշել, որ դա սուտ տեղեկատվություն է, չի համապատասխանում իրականությանը, ինքը այլ կերպ է հասկացել իրենց ստորաբաժանման ղեկավարի կողմից իրեն տրված տեղեկությունը։ Նա, փաստորեն ընդունել է, որ սխալ տեղեկություն է հաղորդել հանրությանը։

Տուժող կողմը խորը կասկածներ ունի, որ ի սկզբանե տրամադրվել էր ճիշտ տեղեկատվություն, հետո ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, նշված անձի կողմից փոխվել է իր տեղեկության բնույթը։

Փաստորեն, տառացիորեն ողբերգությունից մեկ օր անց ամբողջ մեր ժողովրդին, մեր հանրությանը տրամադրվել էր այնպիսի տեղեկություն, որն էլ հետագայում իրենք փորձեցին այլ ձևերով հերքել և փաստորեն էլ ավելի մեծացնել կասկածանքն ու անորոշությունը սույն քրեական վարույթի շրջանակներում։

Նշված վկայի ցուցմունքներից մեկ անգամ ևս պարզ դարձավ, որ պետական իրավասու մարմինների կողմից համապարփակ և համակողմանի տեղեկատվություն, գործընթաց չի իրականացվել, տեղեկատվական հոսքերը պատշաճ կերպով չեն տնօրինվել և փաստորեն համպատրաստի, առանց հանրությանը փաստարկված, անխոցելի տեղեկատվության հաղորդելու համոզվածության, հենց դեպքից հաջորդ օրը հանրությանը տրամադրվել է այնպիսի տեղեկություն, որն էլ հետագայում իրենց իսկ կողմից հերքել են։

Սա նշանակում է, որ հենց այդ դեպքից հետո պետական իրավասու մարմինները չեն կատարել կամ պատշաճ չեն կատարել իրենց պարտականությունները, որն էլ հանգեցրեց հանրության մոտ նշված գործի վերաբերյալ կասկածանքի և անորոշությունների հաստատման ու դրանց վերաբերյալ համոզմունքի ձևավորմանը»,– հայտարարեց Նորիկյանը։

Նա հույս նկատեց, որ այս փուլում իրենց ակնկալիքները մեղադրյալներից են, որ նրանք, մասնավորապես, Եղիշե Հակոբյանը,  ճշմարտությունը վեր հանելուն ուղղված վարքագիծ դրսևորեն. «Հիմա սպասում ենք ապա նշված վկաների հարցաքննությանը և նաև փորձագետների հարցաքննությանը, որից հետո տուժող կողմը մի շարք միջնորդություններ ունի ներկայացնելու, ապացույցների ծավալը լրացնելու առումով։ Կհասնենք այդ փուլին և համապատասխան միջնորդություններ կանենք։ Մի բան կարող եմ վերահաստատել, որ տուժող կողմի մոտ դիրքորոշումներում որևէ փոփոխություն առկա չէ, մենք նախկինում արված բոլոր մեր տեսակետերը վերահաստատում ենք և հետամուտ ենք, որպեսզի այս գործով ճշմարտությունը բացահայտվի և բոլոր իրական մեղավորները ենթարկվեն քրեական պատասխանատվության»։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։

Հավելենք, որ զոհերի ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին: Նրանք կարծում են, որ կատարվածը դիտավորություն է եղել, եւ որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ Նրանցից շատերը պատմում են տղաների եւ սպաների միջեւ եղած լարված հարաբերությունների մասին։

 

  • Կիսվել: