Թուրքական օդուժի ավիահարվածների հետևանքով Սիրիայում 3 արտասահմանցի լրագրող է զոհվել
Երեք արտասահմանցի լրագրող է զոհվել սիրիական Ռաս էլ Այն քաղաքի մոտով անցնող ավտոշարասյան ուղղությամբ թուրքական ռազմական օդանավերի իրականացրած հարձակման հետևանքով: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով քրդական աղբյուրներին:
Նշվում է, որ թուրքական օդուժի հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 11 քաղաքացիական անձ: Ըստ բուժաշխատողների՝ զոհերի թիվը կարող է մեծանալ, քանի որ ռմբակոծման ժամանակ շուրջ 100 մարդ վիրավորվել է: Տուժածներից մի քանիսը ծանր վիճակով գտնվում են հիվանդանոցում:
Աղբյուրի փոխանցմամբ, ավտոշարասյունը սիրիական Ղամիշլի սահմանամերձ քաղաքից ուղևորվում էր Ռաս էլ Այն՝ լուսաբանելու ռազմական բախումների վայրում տիրող իրավիճակը:
Նշվում է, որ ուղևորների թվում էին արտասահմանյան ԶԼՄ-ները ներկայացնող լրագրողներ: Մասնավորապես, ավտոբուսում եղել են անգլիացի և ֆրանսիացի թղթակիցներ, ինչպես նաև տեղի ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: