Տիգրան Ավինյանը հանդիպել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ: Երևանն այսօր տարբեր նախագծեր է իրականացնում ԵՄ կառույցների հետ, որոնք ընդգրկում են քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներ: Հանդիպման շրջանակում կողմերն անդրադարձել են համատեղ ծրագրերի ընթացքին, նախանշել առաջիկա անելիքները:
Անդրադառնալով ձևավորված համագործակցությանը՝ քաղաքապետ Ավինյանն առանձնակի
կարևորել է միջազգային կառույցների մասնակցությունը Երևանի ենթակառուցվածքների զարգացման գործում և նշել, որ համայնքը պատրաստ է քննարկել նոր նախագծեր:
Շնորհավորելով Տիգրան Ավինյանին Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու
առթիվ՝ Վասիլիս Մարագոսն իր հերթին նշել է, որ քաղաքային իշխանությունների
հետ համագործակցությունն առաջնահերթություն է Եվրոպական միության համար,
ինչը ևս երաշխավորում է նոր ծրագրերի իրականացումն ու փոխգործակցության
ընդլայնումը:
Որպես գործակցության նոր ուղղություններ՝ կողմերը կարևորել են երթևեկության
կազմակերպմանը, Էկոլոգիապես ավելի մաքուր ավտոբուսային շարժակազմի
ավելացմանը, համայնքային ոստիկանության համակարգի ներդրմանն ու քաղաքային
ծառայությունների թվայնացմանն ուղղված նախագծերի կյանքի կոչումը: Երևանի
քաղաքապետը տեղեկացրել է, որ որոշ ծրագրերի մասով համայնքն արդեն իսկ սկսել
է քայլեր ձեռնարկել՝ Երևանն առավել անվտանգ, հարմարավետ ու «խելացի քաղաք»
դարձնելու ուղղությամբ:


