շաբաթ, օգոստոս 8
8 / 8 / 2026
Ուկրաինան ԵՄ-ից ակնկալում է լրացուցիչ ֆինանսավորում. Զելենսկի

Ուկրաինան ԵՄ-ից ակնկալում է լրացուցիչ ֆինանսավորում. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ մայցելել է Սերբիա, հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Նշվում է, որ նրան ընդունել է նախագահ Ալեքսանդր Վուչիչը։

Ուկրաինայի և Սերբիայի ղեկավարների հանդիպման օրակարգում են եղել տնտեսության ընդլայնման, անվտանգության, ԵՄ-ի հետ հարաբերությունների և հնարավոր եվրաինտեգրման հետ կապված հարցեր:

«Կիևը միշտ պատրաստ է կառուցողական գործակցության՝ հիմնված փոխադարձ օգուտի և հարգանքի վրա»,- հայտարարել է Զելենսկին։

Ավելի ուշ՝ համատեղ մամուլի ասուլիսում, Ուկրաինայի նախագահը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը ամեն ամիս Կիևին կտրամադրի Patriot համակարգի հրթիռներ, համապատասխան համաձայնությունը ձեռք է բերվել: Սակայն, Զելենսկու խոսքով, դա միևնույն է՝ բավական չէ Ուկրաինայի երկինքն ամբողջությամբ պաշտպանելու համար:

«Նաև մեզ ԵՄ-ից լրացուցիչ ֆինանսավորում է անհրաժեշտ, որպեսզի զարկ տանք Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերությանը և կրկնապատկենք արտադրությունը»,- մանրամասնել է Զելենսկին՝ ընդգծելով հակառուսական պատժամիջոցներն ուժեղացնելու կարևորությունը:

Վուչիչն էլ մտահոգություն է հայտնել, որ պատերազմը դժվար թե մոտ ապագայում ավարտվի:

«Վախենամ՝ բոլորիս դժվար ձմեռ է սպասվում»,- ասել է Սերբիայի նախագահը, հավելել՝ այնուհանդերձ, Բելգրադը և ամբողջ միջազգային հանրությունը ցանկանում է, որ հակամարտությունը կարգավորվի:

  • Կիսվել: