Երկաթուղու հետ կապված ուզում ենք բարեկամական լուծում․ պրոբլեմն այն է, որ կարող է բաց թողնենք միջազգային տրանսպորտային ցանցին ինտեգրվելու հնարավորությունը․ Փաշինյան
Մենք երկաթուղու հետ կապված իրադրության մեջ ուզում ենք բարեկամական լուծում, չենք ուզում գնալ սուր լուծումների: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պետք է փոխադարձաբար հասկանանք և ընկալենք իրար շահերը, ու գնանք որոշակի կոմպրոմիսների։ Ես նախկինում խոսել եմ այն մասին, որ կոմպրոմիսներից մեկը կարող է լինել ռուսական երկաթուղիների կողմից կոնցեսիոն իրավունքի վաճառքը, բայց այդ վաճառքը կարող է լինել ամբողջական, կարող է լինել մասամբ, կարող են լինել որոշակի բաժնետիրական կոնֆիգուրացիաներ, որտեղ տոկոսային բաշխվածությունը լինի այնպես, որ Հայաստանի միջազգային տրանսպորտային ցանցին ինտեգրվելու պատմական հնարավորությանը չխոչընդոտի։ Մենք չենք ուզում պայմանագրի խզում, լուծարում, ես որևէ խնդիր չունեմ Հայաստանի երկաթուղին ռուսական ընկերության կառավարման ներքո գտնվելու հետ։
Միջազգային լոգիստիկ ծառայությունների կողմից մենք տեսնում ենք, որ երկաթուղու հատվածում ներդրումային հետաքրքրություն չեն ցուցաբերում, մենք առաջարկում ենք, իսկ իրենք խուսափում են այդ թեմայից, և մենք արդյունքում հասկանում ենք՝ պատճառն այն է, որ մեր երկաթուղին գտնվում է ռուսական կառավարման ներքո։ Մենք Ռուսաստանի հետ պրոբլեմ չունենք, մեր պրոբլեմը այն իրավիճակի մեջ է, որ հերթական անգամ կարող է բաց թողնենք պատմական հնարավորությունը՝ ինտեգրվելու միջազգային տրանսպորտային ցանցին»,– նշել է Փաշինյանը։


