ԵՄ-ն աջակցում է Խաղաղության խորհրդի՝ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի զինաթափման ճանապարհային քարտեզին. Կալլաս
Եվրամիությունն աջակցում է Խաղաղության խորհրդի՝ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի զինաթափման ճանապարհային քարտեզին: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։
Ըստ միջազգային ԶԼՄ-ների՝ նա կարծիք է հայտնել, որ այդ քայլը «կարևոր է՝ ապահովելու ՀԱՄԱՍ-ի զինաթափումը և բացառելու այն հնարավորությունը, որ կազմակերպությունը կրկին կսպառնա Իսրայելի անվտանգությանը»։
Կալլասի հայտարարության մեջ նաև ասված է, որ ԵՄ-ն ողջունում է «ՀԱՄԱՍ-ի և այլ ոչ պետական զինված խմբավորումների մոտ զենքի շրջանառության մշտական դադարեցման», Գազայից իսրայելական ուժերի լիակատար դուրսբերման և հատվածում քաղաքացիական կառավարման անցնելու վերաբերյալ համաձայնության ձեռքբերումը։
Նա միաժամանակ շնորհակալություն է հայտնել միջնորդներին նրանց ջանքերի համար և «բոլոր կողմերին կոչ արել անհապաղ հաստատել և իրականացնել համաձայնագիրը»։
ԵՄ դիվանագիտության ղեկավարը նաև հավելել է, որ Եվրամիությունը կշարունակի աջակցել Պաղեստինի վարչակազմին, որպեսզի այն կարողանա «անվտանգ վերականգնել Գազայի նկատմամբ արդյունավետ վերահսկողությունը»։



