կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Տիեզերքին սիրահարված Նարեկը հիմա այլ մոլորակում է. փոքրիկ Սևակը եղբորը շատ է կարոտում

Տիեզերքին սիրահարված Նարեկը հիմա այլ մոլորակում է. փոքրիկ Սևակը եղբորը շատ է կարոտում

Նարեկը սիրահարված էր տիեզերքին ու աստղերին, կիթառին ու «Շերլոք Հոլմսի հուշագրությունները» գրքին։ 

Նրա մեջ սեր կար ամեն ինչի նկատմամբ, սիրում էր բացահայտել, սովորել նորը ու վայելել կյանքի ամեն վայրկյանը։ Նարեկը սիրում էր ապրել։

 
 
Նարեկն` ընտանիքի հետ:

Մոր խոսքով նա ինչ գործ էլ որ աներ, անում էր մեծ նվիրումով ու հոգով։

«Սովորում էր նվիրումով, սիրում էր հոգով, ու կռվեց էլ նույն կերպ։ Ինչ գործ էլ, որ սկսեր, նա առավելագույնն էր անում»,- մեզ հետ զրույցում նշում է տիկին Սաթիկը՝ Նարեկի մայրը։

Նարեկը սովորում էր Ճարտարապետաշինական ինստիտուտի ճարտարապետություն բաժնում։ Դպրոց մեկ տարի շուտ էր գնացել,  հասցրել էր մեկ ու կես տարի համալսարանում սովորել՝ գերազանցիկ էր։

«Վերջին ամիսներին էր որոշել ճարտարապետ դառնալ, բոլորս զարմացած էինք։ Թումոյում ֆրանսիացի մի ճարտարապետ սեմինար էր անցկացրել, էդ օրվանից որոշել էր ճարտարապետ դառնալ։ Մենք էլ ասում էինք՝ այ տղա, դու կյանքում ձեռքդ մատիտ բռնած չկաս։ Մտածեցինք թող ինքը փորձի նկարել՝ տեսնի, որ չի ստացվում, հետ կանգնի իր որոշումից։ Նկարչի մոտ տարանք, ասեց՝ Նարեկ ջան, դիմացումդ դրված կավը նկարի։ Նարեկն էլ մի մեծ թղթի անկյունում մի փոքրիկ բան նկարեց՝ կավ էլ չէր (թույլ ժպտում է) ։ Մենք էլ ասեցինք, էս ա, հիմա կհասկանա, որ իրանը չի, բայց Նարեկը հանձնվողներից չէր, սկսեց նկարել»։

Նարեկի ու մատիտի կռիվն ավարտվեց Նարեկի հաղթանակով։ Ընտանիքի անդամները զարմացած էին, ամեն օր տեսնում էին՝ ինչպես է ավելի ու ավելի լավ նկարում։

«Ասում  եմ՝ Նարեկս, հաստա՞տ դու ես նկարել, պատասխանում ա՝ «հա էլի, մամ, քո կողքն էլ հիմա կնստեմ, կնկարեմ»։ Ու ստացվեց իր մոտ, ինքն ինչ անում էր, նվիրումով ու հոգով էր անում։ Սպունգի պես ամեն ինչ կլանում էր․ ամռանն ասեց՝ չի ուզում տանը նստի, պետք ա աշխատի, պապան էլ առաջարկեց բարմենի մասնագիտություն սովորի, մի ամիս էլ չէր անցել, աշխատանքի ընդունեցին, բոլոր բաղադրիչները կոկտեյլների անգիր գիտեր, ամեն ինչ շատ հեշտ էր սովորում, փոքր տղաս ծույլ է, ընդունակ է, բայց Նարեկ չէ»,- ասում է տիկին Սաթիկն ու ժպտում՝ նայելով չարաճճի Սևակին՝ Նարեկի փոքր եղբորը։

Պատերազմի  սկզբին  Նարեկն Իջևանում էր, բայց նրանց էլ զորամասերից դուրս էին հանել, որ թիրախ չդառնան թշնամու համար։

«Խոսեցինք հետը, հարցրինք պայմանների մասին, ինչպես են, ամեն ինչ լավ է, թե չէ։ Չէր դժգոհում, ասում էր՝ շատ լավ եմ, պայմանները լավ են։ Բայց մենք շատ անհանգիստ էինք, ասեցինք տեղն ասի, որ գնանք ու մեզ հետ էլ ինչ-որ բան տանենք, էրեխեքին օգնելու համար։ Ինքն էնպես էր ներկայացրել, կարծես ոչ մի բանի կարիք չկար։ Ես էլ մանր-մունր մի քանի բան էի վերցրել։ Հայրը, քեռին ու ես գնացել էինք տեսնելու Նարեկին»,- պատմում է մայրն իր ու որդու վերջին հանդիպումը՝ նորից վերհիշելով իր հուսահատությունը այդ ժամերին։

Ասում է՝ իրենց տեսածին չէին հավատում ։ Տղաները մինչև ոսկորները թրջված էին ուժեղ անձրևի տակ, երեք-երեք խմբերով սարերում էին, ոչ մի բան չունեին։

«Շատ նեղվեցինք, միանգամից վառարան գնեցինք, քլունգ գնեցինք՝ մտածեցինք գոնե մի փոքր ծածկ սարքենք, որ էդ ուժեղ անձրևների տակ էրեխեքը գոնե չմնան։ Ինչ-որ սարքել էինք էրեխեքի համար, մի քանի օր տևեց։ Երեք-չորս օր մնացին էդ ծածկի տակ։ Հետո էրեխեքն իրենց հրամանատարի՝ Թաթուլ Ղազարյանի հետ միասին ստորագրել են ու կամավոր գնացել Արցախ։ Տղաս ՀՕՊ մասնագետ էր, խմբի ավագն էր»։

Նարեկը կամավոր մեկնեց պատերազմ՝ առանց տեղյակ պահելու ընտանիքին։ Ծնողները իմացան միայն այն ժամանակ, երբ Նարեկն իր զինակից ընկերների հետ Խնձորեսկում էր։

«Ընկերների պատմելով, հրամանատարը Նարեկին հոկտեմբերի 19-ի առավոտյան ասում ա՝ «Իգլան քոքի, որ իջնենք»։ Արդեն 19-ի առավոտյան տղաներին իջեցնում են Իշխանաձորի հատվածը, իրենց խնդիրն էլ Լաչինի միջանցքը պահելն էր։ Էդտեղ կռիվ են տալիս»,- պատմում է տիկին Սաթիկը՝ դողացող ձայնով։ Ասում է տղաները կարողանում են էդ մի քանի ժամը պահել, բայց իրենց հրամանատարն արդեն մահացու վիրավորում է ստացած լինում։

«Հրամանատարը նահանջ է տալիս, տղաները չեն նահանջում՝ 33 զինվոր մնում են, չորս հոգի զինվոր փախչում են։ Երևի ցանկացած ծնող էլ կուզեր, որ իր երեխան էդ չորս հոգու մեջ լիներ, բայց Նարեկս էդ տեսակը չէր»,- ասում է մայրն ու մտքերով հանդիպում Նարեկին՝ փորձելով հասկանալ, թե ինչու Նարեկն էլ չի նահանջել։ Ինքն իրեն հարց է տալիս, իսկ հետո պատասխանում ինքն իր հարցին։ Ասում է Նարեկը չէր կարող նահանջել, նա այդ տեսակը չէր։

«Ընկերներն ասում են՝ մինչև վերջը էդ ծանր իգլան ուսից չիջեցրեց, որ ավելի արագ շարժվի կամ փախչելու դեպքում հեշտ կարողանա վազել։ Չէ, ինքն էր ու ուսին գցած իգլան, որ մինչև վերջ իր մոտ պահեց՝ զենքն իրեն էին վստահել։ Պատասխանատվությունը մեծ էր Նարեկի համար»,- ասում է մայրն ու թույլ ժպտում՝ կարծես ինքն իր վրա զարմանալով, որ մտքով անցկացրել է, թե Նարեկը կնահանջեր։ Մի՞թե նա կարող էր դավաճանել ինքն իրեն, իր էությանը։

«33 հոգին էլ զոհվել են իրենց հրամանատարի հետ։ Նարեկս, Հովոն, Կոլյան, Մորիսը»,- որդու զինակիցների ընկերներին անուն առ անուն հիշում է տիկին Սաթիկը՝ ցածր ձայնով ավելացնելով՝ «չեն կարողացել հրամանատարին մենակ թողնել»։

33 զինվորն էլ կարողացել են մի քանի ժամ պահել Լաչինի միջանցքը, մինչև հայկական ուժերը տեղակայվել են իրենց հետևում։

Տղաներն իրենց առջև դրված խնդիրը կատարել են՝  իրենց կյանքի գնով։

«Զինակից ընկերը պատմում ա, ասում ա՝ սկզբում Նարեկենց են իջեցրել, հետո տղաները սպասել են իրենց հերթին։ Էդ ժամանակ՝ առաջին կռվից հետո, Նարեկը զանգել էր, ասում էր՝ երկնքից կարկուտ ա թափվում, բայց առանց խուճապի, հումորով ու հանդարտ, չէիր էլ զգա, որ ինքը վախենում ա»,- արցունքներին կարծես թե հրամայելով, որ չթափվեն, պատմում է Նարեկի մայրը։

Լռում է մի պահ, բայց այդ լռությունն ավելի ծանր է․․․

«Ինքը նախապես իմացել ա՝ ուր ա գնում, պատրաստ ա էղել դրան։ Իջնելուց առաջ խաչը թողել ա ընկերների մոտ, ասել ա՝  կտաք ընկերուհուս»,- ձայնը դողում է,  որոշ բառեր էլ այդպես մնում կոկորդում, խեղդվում կոկորդում․․․

«Մենք ուղիղ 52 օր մտածում էինք, որ Նարեկս ողջ ա, մտածում էինք՝ փախել են․ հեռախոսը միացել էր Նարեկի, մտածում էինք հաստատ ինքն ա, բայց պարզվեց, որ թշնամու ձեռքն ա ընկել։ Հրամանատարները գիտեին, իրենց չաստում գիտեին, որ զոհվել են, գիտեին անգամ որտեղ, բայց չէին ասում։ Իրենց ասելով՝ քանի մարմինը չկա, չեն կարող ասել, որ զոհվել են»։

Նարեկի, իր զինակիցների և հրամանատարների մարմինները հանել են դեկտեմբերի 9-ին։ Ծնողներին տեղեկացրել էին, բայց փորձելով փախչել մղձավանջ դարձած իրականությունից, նրանք չէին ընդունում, անկարող էին հավատալ։

«Ասեցին, որ մարմինները տանում են Ստեփանակերտ, իսկ արդեն հաջորդ օրը զանգեցին, ասեցին, որ վեց հոգու տվյալները ճշտվել են, մեկը՝ Նարեկինն ա։ Դրան էլ չհավատացինք, ասեցինք կարող ա շփոթվել են»,- մի փոքրիկ քմծիծաղ է հայտնվում մոր դեմքին, կարծես իրենց միամտության վրա զարմանալով,- «մտածեցինք՝ ուրիշի հագուստ ա հագել։ ԴՆԹ-ից հրաժարվեցինք, գնացինք մարմինը ճանաչելու։ Նարեկի հագուստն էր, էն ինչ Իջևան էինք տարել, իր դրամապանակը, քարտերը, գրպանում Աղոթագիրքն էր դրված՝ մեջն ընկերուհու նկարը։ Նարեկս չափից շատ մաքրասեր էր, ամբողջ գրպանններում չոր օճառ էր։ Որ նոր էինք գնացել Իջևան՝ ինքն անձրևի տակ թրջված, կեղտոտ, ասեց մամ ինձ մի գրկի, կեղտոտ եմ։ Ասեցի՝ այ տղա, ի՞նչ ես խոսում, հասել եմ էստեղ, որ չգրկեմ»։

Նարեկի քույրն արտասահմանում է սովորում, դեկտեմբերին արձակուրդ պետք է գար։

«Էնպես ստացվեց, որ ախպոր հետ տուն էկավ, դեկտեմբերի տասին ինքն ու ախպերն էկան, գտան Նարեկիս մարմինը։ Աղջիկս տեղյակ չէր, չէինք ասել, մտածեցինք մենակ ա, չի դիմանա, թող տանն ասենք, բայց ինքնաթիռում սոցցանց էր մտել, ու տեսել որ բոլորը Նարեկի նկարն են դրել ու ցավակցում են, զանգեց ասեց՝ մամ էս ինչ ա․․․․ Ու էլ բան չխոսեց, անջատեց հեռախոսը»,- ասում է անհանգիստ էին,  մտածում էին՝  գոնե ինչ-որ բան չլինի հետը։

«Աղջիկս ինքնաթիռից ցած իջավ, ինձ հանդիպեց ու ասեց, որ էրկու կյանք պիտի ապրի՝ իրենն ու Նարեկինը»։

Վերջին զրույցների ժամանակ Նարեկը շատ էր խոսում, որ մարդիկ չեն գնահատում այն, ինչ ունեն, ասում էր՝ ամեն մի վայրկյանը պետք է գնահատել։

«Չենք գնահատում էն, ինչ ունենք, ասում էր մամա, ամեն մի օրը գնահատեք, որ ապրում եք, մի բողոքեք։ Ծիծաղում  էր, թե  զորամասից էինք բողոքում՝ պայմաններ չկան, հիմա պատերազմի օրերին՝ հիշում ենք՝ ինչ լավ էր զորամասում, պիտի գնահատենք ամեն վայրկյան ու րոպե»։

Նարեկը սիրում էր աստղերը, զինակիցները պատմում են, որ դրսում ու սարերում նայում էին երկնքին ու լսում՝ Նարեկին, որ պատմում ու ցույց էր տալիս բոլոր համաստեղությունները։ Նարեկի հետ միշտ էր հետաքրքիր։

Նարեկից բոլորն ինչ-որ բան էին սովորում, Նարեկից սովորելու շատ բան ունենք․․․

Սենյակում Նարեկի աստղադիտակն է, որով հիմա փոքրիկ Սևակն է ուսումնասիրում աստղերը՝ եղբոր կարոտն առնելու համար։

«Սևակը անընդհատ Նարեկից ա հարցնում, մենք էլ ասում ենք՝ ինքը հատուկ առաջադրանք է ստացել, հիմա չի կարող մեզ հետ լինել։ Մի օր էլ առավոտյան արթնացավ, ասեց՝ մամ, ես գիտեմ՝ ապերս ուր ա։ Ինքն ուրիշ մոլորակ ա թռել։ Երանի իրան։ Էրնեկ ես էլ էնտեղ լինեի։ Ասում ա ոգևորված, հետո մտքերի մեջ ընկնում, ու ասում՝ չէ, որ ես էլ գնամ, բա դուք  ի՞նչ անեք։ Ես ձեր հետ կմնամ։ Դժգոհում ա, ասում ա՝ մի հեռախոս էլ չեք կարողանում առնել, ապերին ուղարկել, որ հետը խոսամ»,- պատմում է տիկին Սաթիկը։ Ասում է Սևակին ասել են, որ կարող է նամակ գրել եղբորը, որ Նարեկն իրեն լսում է ամեն վայրկյան, հեռախոս պետք չէ Նարեկի հետ զրուցելու համար։

«Նարեկս նվիրված էր բոլորին, ասում էր՝ գալու ա ու ընկերուհու հետ եղբորը տանի կարտինգ։ Չհասցրեց, որոշեցի տղուս  խոստումը կատարել, Սևակին ընկերուհու հետ տարանք, որ Նարեկս հանգիստ լինի։ Վերջին շրջանում ահավոր անհանգիստ էր։ Պատերազմը դեռ չէր սկսվել, չգիտեինք էլ, որ պատերազմ կլինի։ Ընկերուհու ծննդյան համար նվեր էր պատվիրել սեպտեմբերից, իսկ ծնունդը նոյեմբերին էր։ Անընդհատ ասում էր, բա  որ չհասնի, բա որ չգա։ Ու իրոք նվերն ուշ հասավ՝ վերցրինք ու սպասում էինք, որ Նարեկը պետք ա գա, ու ինքը նվիրի։ Դրել էինք իր սենյակում։ Նարեկի սենյակը տան ամենացուրտ ու սառը հատվածն է, ինչ եղանակ էլ լինի, էնտեղ ցուրտ է, բայց էդ ընթացքում իր սենյակը տաք էր, ամբողջ տանը ցուրտ էր, էնտեղ տաք։  Ամուսինս էլ, որ նման բաների չէր հավատում, զարմացել էր։ Հետո, երբ Նարեկի մարմինը գտանք, որոշեցինք, որ Նարեկի չարած գործը պետք ա ավարտին հասցնենք, նվերը մենք տարան ընկերուհուն, նվերը սենյակից հանեցինք ու սենյակը ցրտեց, երևի տղուս հոգին հանգստացավ»։

Սենյակում Նարեկի կիթառներն են, Նարեկի աստղադիտակն ու գրքերը՝ Նարեկին կարոտած։

Դռան ամեն ձայնից, ամեն ներս մտնողի հետ  սենյակը մի նոր հույսով է լցվում, աստղադիտակն` սպասում իր ժամին, Նարեկի նոր բացահայտումներին, իսկ կիթառներն անկյունում դրված սպասում են Նարեկին՝ Նարեկի մատներին կարոտած․․․

  • Կիսվել: