ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Տաթևիկ Կարապետյանը հայկական ծիրանը փոխանցել է Մոսկվայի հոսպիսներին և հիվանդանոցներին

Տաթևիկ Կարապետյանը հայկական ծիրանը փոխանցել է Մոսկվայի հոսպիսներին և հիվանդանոցներին

«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ, բարեգործական ծրագրերի համակարգող և նախաձեռնող Տաթևիկ Կարապետյանը գնել է շուրջ մեկ տոննա հայկական ծիրան և ուղարկել մոսկովյան հոսպիսներ և հիվանդանոցներ: Ինչպես հայտնի է, ծիրանի հայաստանյան մատակարարների մոտ խնդիրներ են առաջացել այն բանից հետո, երբ «Ֆուդ սիթի» շուկայի տնօրինությունը, որի սեփականատերը Գոդ Նիսանովն է, արգելել է նրանց առևտուրը շուկայում։  Այն բանից հետո, երբ «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը «Բուխտա»-ի մեծածախ-մանրածախ շուկայի տարածքը անհատույց տրամադրեց ծիրանով բեռնված բեռնատարների կայանմանը, հայտնի դարձավ, որ «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ, բարեգործական ծրագրերի համակարգող և նախաձեռնող Տաթևիկ Կարապետյանը շուրջ մեկ տոննա ծիրան է գնել և  ուղարկել մոսկովյան հոսպիսներ և հիվանդանոցներ:

Ինչպես մեզ հետ զրույցում հաստատեցին «Տաշիր» բարեգործական հիմնադրամի  մամուլի ծառայությունից, հուլիսի 18-ին Տաթևիկ Կարապետյանը մոտ մեկ տոննա ծիրան է փոխանցել «Կուրկինո», «Բուտովո», «Նեկրասովկա» հոսփիսներին, Մոսկվայի Վ. Վ. Միլլիոնշիկովայի անվան առաջին հոսպիսին, Պալիատիվ խնամքի կենտրոնին, ինչպես նաև №4 բազմաֆունկցիոնալ կլինիկական հիվանդանոցին, №4 և №52 քաղաքային կլինիկական հիվանդանոցներին։ Տաթևիկ Կարապետյանն արդեն մի քանի տարի է, ինչ ակտիվորեն զբաղվում է բարեգործական գործունեությամբ։

 2017 թվականից ի վեր նա իրականացնում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժած Գյումրի քաղաքի բնակիչներին ժամանակավոր բնակարաններից նոր բնակարաններ տեղափոխելու բարեգործական ծրագիրը, ինչպես նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության դոնորներից է: Տաթևիկ Կարապետյանը 2020թ-ին օգնություն է տրամադրել Մոսկվայի, Կալուգայի և Յարոսլավլի հիվանդանոցներին, որտեղ իրականացվում է կորոնավիրուսային վարակով հիվանդների բուժումը:

Հիշեցնենք, որ երեկ սոցիալական ցանցերում լուսանկարներ և տեսանյութեր էին տարածվել այն մասին, որ մերձմոսկովյան «Ֆուդ սիթի» մեծածախ շուկայի ադմինիստրացիան արգելել է հայկական ապրանքների վաճառքը։ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի խոսքով՝ հայկական արտադրանքով 50-ից ավելի մեքենաներ մեկուսացվել և հանվել են առևտրային կենտրոնից: Լրացուցիչ խնդիրն այն էր, որ դրանք հիմնականում շուտ փչացող ապրանքներ են։  Ավելին, «Ֆուդ սիթիի» վարչակազմը չի ցանկացել լսել դեսպանատան ներկայացուցիչներին, այլ «ուժով արտաքսել է» դիվանագետներին, հայտարարել է Տողանյանը։

  • Կիսվել: