«Սուրմալու»-ում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, բուժվում է 3 տուժած
Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 19-ին որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Այդտեղ օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից և հրդեհից տուժած ու բուժօգնության դիմած 63 քաղաքացիներից 3-ը շարունակում է բուժում ստանալ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են 1 տեղամասով։ Աշխատանքներում ներգրավված են քաղաքապետարանի 1 ջրատար, ինչպես նաև 2 տրակտոր, 2 ինքնաթափ, 2 ավտոկռունկ։
Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 63 քաղաքացի, որոնցից 3-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացածը ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։
Օգոստոսի 14-19-ը ընկած ժամանակահատվածում «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին հերթափոխերով մասնակցել են ՓԾ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներից 1111 փրկարարական ծառայող։
Փրկարարները փլատակներից դուրս են բերել 10 տուժածի։
ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝
1․ Գագիկ Կառլենի Կարապետյան, ծնված 1959 թ․
2․ Վանիկ Խաչիկի Ամիրխանյան, ծնված 1967 թ․
Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ։
Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խումբը 53 քաղաքացու տեղում ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։ Քաղաքացիները հոգեբանական աջակցություն կարող են ստանալ նաև զանգահարելով «911» թեժ գիծ։
Հրդեհաշիջման աշխատանքները դեպքի վայրում համակարգել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։
Դեպքի վայրում են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռահարկ շինությունը մասնակի փլուզվել է։
Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 16-ի ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։ Փլուզվել է եռահարկ շինության (2889 քմ) մեծ մասը և հարակից տարածքում գտնվող մի շարք տաղավարներ։