երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից հետո մեկ գիշերվա ընթացքում 130 կամավոր է տուժել․ ԱԻՆ ՓԾ պետի տեղակալ

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից հետո մեկ գիշերվա ընթացքում 130 կամավոր է տուժել․ ԱԻՆ ՓԾ պետի տեղակալ

՛՛Սուրմալու՛՛ առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո կամավորները լուրջ օգնություն են ցուցաբերել որոնողափրկարարական աշխատանքներին, սակայն մեծ մասամբ նրանց չհամակարգված աշխատանքն է՛լ ավելի է դանդաղեցրել աշխատանքները, քանի որ փորձի պակասի պատճառով նրանք ինքներն են դարձել տուժող: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ փրկարար ծառայության պետի տեղակալ Հովհաննես Եմիշյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Սա բերեց նրան, որ մեկ գիշերվա ընթացքում նման տուժողների թիվը հասավ 130-ի։ Ամեն ինչ պետք է համակարգված լինի՛՛:

Եմիշյանը հավելեց, որ առաջիկայում նախատեսվում է ստուգել ցոկոլային հարկը. ՛՛Հայտնի չէ, թե որքան կտեւեն աշխատանքները՝ հաշվի առնելով, որ գիշերային ժամերին վտանգի բարձր աստիճանի պատճառով աշխատանքներ չեն իրականացվում՛՛:

Բացի այդ՝ Եմիշյանը նշեց, որ ՛՛Սուրմալու՛՛ առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո աշխատանքի ժամանակ ուղղաթիռի կարիք չի եղել։  Նա պարզաբանեց, որ ԱԻՆ-ը, անհրաժեշտության դեպքում, անվճար օգտագործում է ՊՆ ուղղաթիռները։


՛՛Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրերին, ապա ՊՆ մեկ ուղղաթիռ արդեն վերասարքավորվել է Արտակարգ իրավիճակների նախարարության կարիքների համար։ Եվս մեկի վրա համապատասխան աշխատանքներ են տարվում՛՛,-ընդգծեց Եմիշյանը։

Նրա խոսքով՝ բոլոր զարգացած երկրներում մի քանի գերատեսչություններ ունեն ընդհանուր օգտագործման տեխնիկա։

՛՛Սա թույլ է տալիս խուսափել մեծ ծախսերից, քանի որ խոսքը շահագործման ընթացքում սպասարկման լուրջ ծախսերի մասին է՛՛,- հավելեց նա:

  • Կիսվել: