շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ստացվում է՝ քաղաքացիները չեն կարող իրենց ուզած բուժհիմնարկում պետպատվերի ծառայությունից օգտվել. Արսեն Թորոսյան

Ստացվում է՝ քաղաքացիները չեն կարող իրենց ուզած բուժհիմնարկում պետպատվերի ծառայությունից օգտվել. Արսեն Թորոսյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն առողջապահության փոխնախարար Արմեն Գասպարյանից հետաքրքրվել է պետպատվերի նոր կարգից։

«Սպասում էինք նախարարի հրամանին, և դրա լինելուց հետո տեսնում ենք, որ օֆերտայի դեպքում ակցեպտներն ընդունվում են, եթե պետպատվերի հայտի հաստատում կա նախարարության կողմից։ Ստացվում է՝ շատ բան չի փոխվել, և քաղաքացիները չեն կարող օգտվել իրենց ուզած բժշկական հիմնարկում իրենց ուզած ծառայությունից, եթե պետպատվերի հայտը չի բավարարվել։ Ուզում եմ պարզաբանել»,- ասել է Թորոսյանը՝ հավելելով, որ եթե այլ բան են հասկանում, ապա ինչո՞ւ է նման կերպ գրված նախարարի հրամանում. «Վարչապետը այլ բանի մասին էր խոսում, որ դա պետք է ազատականացնել, և կարծես թե նախարարն էլ հաստատում էր»։

Գասպարյանը նշել է,թե օֆերտայի սահմանափակում չկա ֆինանսական չափի մասով. «Բայց օֆերտան ունի հստակ պայմաններ։ Այստեղ հաշվի են առնվել բոլոր այդ պայմանները, և մենք չենք կարող բոլորին, ով ունի լիցենզիա, պետպատվեր տալ»։

Արսեն Թորոսյանն էլ արձագանքեց. «Դուք հաստատում եք, որ, այնուամենայնիվ, բոլոր լիցենզիա ունեցող կազմակերպություններում չէ, որ քաղաքացիները կարող են պետպատվերի շրջանակներում էդ ծառայությունից օգտվել, և սրա մասին մենք պետք է ուղիղ ասենք քաղաքացիներին, որովհետև կարծես թե խոսվել է հակառակի մասին, որ կարող են։ Հիմա, փաստացի, չեն կարող»։

  • Կիսվել: