երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սպանություն Արագածոտնի մարզում․ հարազատները համոզված էին, որ հանկարծամահություն է տեղի ունեցել, սակայն հայտնաբերվեց դաժան սպանություն կատարողը

Սպանություն Արագածոտնի մարզում․ հարազատները համոզված էին, որ հանկարծամահություն է տեղի ունեցել, սակայն հայտնաբերվեց դաժան սպանություն կատարողը

Երեկ՝ ապրիլի 9-ին, սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ ժամը 08։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում և ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արագածոտնի մարզի գյուղերից մեկի տանը մահացած քաղաքացի կա։

Մինչ նշված գյուղ կժամանեին ՀՀ ՆԳՆ ստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանն ու ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարիտրոսյանը «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին  ահազանգ է ստացվել, որ վարչական համայնքի ղեկավարի ահազանգով իրենք ժամանել են նշված գյուղ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները՝ վարչության պետի և ոստիկանության Աշտարակի բաժնի պետի գլխավորությամբ, նշված տան նախասրահի հատակին հայտնաբերել են նույն տան բնակիչ 70-ամյա Դ․ Օ․-ի դին։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարատկի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի և ծառայության տեսուչ Արգամ Մելիքյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Կարեն Գրիգորյանի, վարչության պետի տեղակալ Ստեփան Սիմոնյանի և հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Նարեկ Քասյանի գլխավորությամբ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դեմքի շրջանում հայտնաբերվել են վնասվածքներ և կապտուկներ, իսկ սենյակի հատակին հայտնաբերվել է արնանման հետքեր։

Դեպքի փաստով Արագածոտնի  մարզային քննչական վարչությունում  ՀԿԳ ավագ քննիչ Ն․ Քասյանի որոշմամբ «սպանություն» հատկանիշներով  նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ այդ թվում մահացածի հարազատներից, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահվան պատճառը հանկարծամահությունն է, մեծահասակ էր ու հաստատ տարիքն իրենն ասել է, սակայն ոստիկաններն ու քննիչները տեղում ցուցաբերեցին պրոֆեզիոնալիզմ ու ժամերի ընթացքում  բացահայտեցին իրականությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, ոստիկանության Աշտարակի բաժնում և ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում կատարելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական ու քննչական համատեղ միջոցառումներ, պարզել են, որ տեղի է ունեցել սպանություն։ 

Նշված արարքը կատարելու կասկածանքով  ոստիկանները հայտնաբերել ու ոստիկանության Աշտարակի բաժին են բերման ենթարկել Արագածոտնի մարզի բնակիչ 64-ամյա Վ․ Ա-ին, ապա նրան ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը խեղդամահ է արել Դ․ Օ․-ին։

  • Կիսվել: